Թուրքիան ու Ադրբեջանը փորձության պահին կարող են մեջքից դանակով հարվածել. իսրայելցի քաղաքագետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Թուրքիան ու Ադրբեջանը փորձության պահին կարող են մեջքից դանակով հարվածել. իսրայելցի քաղաքագետ. armeniasputnik.am

ԱՄՆ-ն և Իսրայելը չեն մոռանա Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունները, կարծում են փորձագետները։

Ադրբեջանի կարծիքով` լավ է Թուրքիան այսօր, քան Ամերիկան վաղը, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի և Ալիևի համատեղ հայտարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել, հայտարարելով, որ «Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը չափազանց սխալ է»։ Նրանք ասել են, որ այդ քայլերը հակասում են միջազգային իրավունքին և կարող են վտանգավոր հետևանքներին հանգեցնել Մերձավոր Արևելքում։

«Հավանաբար, նման հայտարարություն անելով, Ադրբեջանը հաշվի է առել այն, որ «Թուրքիան մոտ է, իսկ ԱՄՆ-ն բավական հեռու»։ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում դեռ քիչ թե շատ զգույշ քաղաքականություն է վարում, իսկ Արցախի հարցի վերաբերյալ պետքարտուղար Թիլերսոնի հայտարարություններն, Ալիևի կարծիքով, ավելի շատ ուղղված են ստատուս-քվոյի պահպանմանը»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով` նա ավելի մեծ հույսեր է կապում հավատարիմ դաշնակից կամ «մեծ եղբայր» Թուրքիայի հետ։

Մյուս կողմից, նա չի կարծում, որ ԱՄՆ-ն կտրուկ կարձագանքի Ալիևի հայտարարությանը։

«Եթե արձագանք լինի, ապա այն, առաջին հերթին, կվերաբերի Թուրքիային։ Վաշինգտոնում նույնպես հասկանում են, թե ով է Էրդողան–Ալիև միության մեջ «մեծը»», – ասաց Հակոբյանը։

Ընդ որում` նման ոչ մի արտահայտություն չի մոռացվում։ Այն կարող է պահպանվել ինչ-որ «թղթապանակում» և հարկ եղած ժամանակ ԱՄՆ–ն կհիշեցնի այդ մասին։ Սակայն, քաղտեխնոլոգը չի կարծում, որ Ալիևի խոսքերը կարող են էապես ազդել երկկողմ հարաբերությունների վրա (իրավիճակը կարող էր այլ լինել, եթե Ադրբեջանը հակառակ դիրքորոշում ունենար)։

ԱՄՆ–ն Ադրբեջանով չի տարված։ Նույնը չի կարելի ասել Իսրայելի մասին, կարծում է Հակոբյանը։

«Այստեղ կարող են որոշակի խնդիրներ լինել։ Սակայն դրանք էլ նոր չեն սկսվել, Իսրայելի քաղաքականությունը վերջին ամիսների ընթացքում փոխվել է։ Նա փորձում է ինչ-որ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ինչն արդեն խոսում է այն մասին, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան էլ հարթ չէ»,- ասաց Հակոբյանը։

Իսրայելին, քաղտեխնոլոգի կարծիքով, այդ հայտարարությունը կզայրացնի, սակայն առավել ազդեցիկ երկրների կողքին սա ամենամեծ «գլխացավանքը» չէ։

Մյուս կողմից` ի տարբերություն ԱՄՆ-ի, Իսրայելի արձագանքը Բաքվի համար կարող է ավելի ցավոտ լինել։

«Եվ ամեն դեպքում Ադրբեջանը, իր առաջնահերթությունների շրջանակներում, նախապատվություն է տվել Թուրքիային։ Նա փորձում է ամրապնդել իր դիրքերը, բազմավեկտոր քաղաքականությունը, բարելավել հարաբերությունները Իրանի հետ։ Գուցե, նա կարծում է, թե գտնվում է Ռուսաստան-Իրան-Թուրքիա ընդհանուր հունի վրա»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում Ադրբեջանին չէր հաջողվի բացարձակ չեզոքություն պահպանել, և նա ընտրեց Թուրքիայի դիրքորոշումը։ Բիզնեսի հարցում Իսրայելի հետ հարաբերությունները նույնը կմնան. բիզնեսը բիզնես է և վերջ։

Իսրայելացի հրապարակախոս և հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսքինն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Էրդողանի խիստ հայտարարություններին անմիջապես պատասխան է տվել Նեթանյահուն։

Նա նշել է, որ Ադրբեջանը կատարյալ երկիր չէ և բարոյական հեղինակություն չէ Իսրայելի համար, որը սփյուռքի հետ մեկտեղ աշխարհին տալիս է Նոբելյան մրցանակների 20%-ը, բժշկության և գյուղատնտեսության ոլորտում զարգացման առաջնագծում է գտնվում։

«Նույնիսկ արաբ առաջնորդները, որոնց մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջանում, չգիտես ինչու Իսրայել են մեկնում, այլ ոչ Թուրքիա կամ Ադրբեջան։ Սիրիայում, Եմենում, Իրաքում և Լիբիայում արյան ծովեր բացած մարդկանց խորհուրդներին մենք լուրջ չենք վերաբերում, ընդունում ենք դա որպես անհաջող հումոր»,- ասաց Էսքինը։

Նրա խոսքով` Ադրբեջանի հետ Իսրայելը հաջողակ բիզնես է վարում. նա նավթ է գնում, զենք վաճառում։ Ընդ որում, կողմերը մինչ օրս լիարժեք դիվանագիտական հարաբերություններ չունեն։

Էսքինի կարծիքով` բիզնեսը բիզնես է մնում, էապես ոչինչ չի փոխվի։ Սակայն սա Իսրայելին զգուշացնում է, որ Ադրբեջանը բարեկամ չէ, կարծում է Էսքինը։

«Պետք է իմանալ, որ մենք գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, ում հետ կարելի է միայն գործ ունենալ (ինչպես նաև Թուրքիայի, ում հետ մեծ առևտրային շրջանառություն կա)։ Սակայն մենք պետք է իմանանք նաև, որ այս երկրները ոչ միայն մեր դաշնակիցները չեն, այլև միշտ փորձության պահին կարող են մեզ մեջքից դանակով հարված հասցնել»,- ասաց Էսքինը։

Ինչ վերաբերում է Թրամփի որոշմանը, ապա նա, քաղաքագետի խոսքով, միայն հաստատեց այն փաստը, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է եղել դեռ Դավիթ թագավորի օրոք։

Նրա կարծիքով` ԱՄՆ-ի նման քայլը կնպաստի կայունությանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Էսքինն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ ԱՄՆ նախկին նախագահ Օբաման աջակցում էր «մուսուլման-եղբայրներին», ինչը Իսրայելի հետ պայքարում նրանց վստահություն էր հաղորդում։

«Այժմ նրանք գիտեն, որ Ամերիկան նրանց հաստատ չի աջակցելու»,- ասաց Էսքինը։

Նրա խոսքով` սրա վկայությունն է նաև Երուսաղեմում ստեղծված իրավիճակը, որտեղ բողոքի ակցիաներն ու ցույցերը մարեցին։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ցույցերի ընթացքում ոչ մի մարդ չի զոհվել։

Փարիզում էլ, Ֆրանսիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Էրդողանը չէ, որ պետք է ինձ քարոզ կարդա»։

Նրա խոսքով` մարդը, ով ռմբակոծել է քրդական գյուղերը, լրագրողներին բանտ նետել, օգնել Իրանին խուսափել միջազգային պատժամիջոցներից, աջակցել ահաբեկիչներին Գազայում և այլ վայրերում անմեղ մարդկանց սպանել, թող քարոզ չկարդա։

armeniasputnik.am



Նման նյութեր