Բժշկական օգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Դա միայն բժշկական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը չէ, պնդում է «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ իրավաբան Վիոլետա Զոփունյանը։ Նրա խոսքով՝ առողջապահության հասանելիությունը բնութագրվում է մի շարք գործոններով։
Առաջին տեղում, իհարկե, ամեն դեպքում ֆինանսական հասանելիություն է։ Փորձագետի խոսքով՝ երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա ստանալ իրեն անհրաժեշտ բժշկական ծառայությունները, ընդ որում, անկախ նրա ֆինանսական վիճակից, սոցիալական խմբի պատկանելությունից և այլն։
Պակաս կարևոր չէ նաև այսպես կոչված տարածքային հասանելիությունը։ Դա նշանակում է, որ առողջապահության համակարգում ծառայությունների մակարդակը պետք է միանման լինի երկրի բոլոր շրջաններում, որպեսզի ամեն մի մարզի յուրաքանչյուր բնակիչ ցանկացած պահի կարողանա անհրաժեշտ օգնությունը ստանալ մոտակա կլինիկայում, այլ ոչ միայն Երևանում։
Վիոլետա Զոփունյանի խոսքով՝ Հայաստանում օրենսդրական մակարդակով ամեն բան վատ չի կազմակերպված, շատ կարևոր պահեր գրված են օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, բայց գործնականում կան մի շարք խնդիրներ, հատկապես բժշկական ծառայություններ ստանալու իրավունքների իրացման ոլորտում։
Human Rights House Yerevan–ից Հովհաննես Մադոյանը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կա մոտ 1 մլն մարդ, որոնք ապրում են աղքատության շեմից այն կողմ։ Նրանք փաստացի չունեն բժշկական ծառայությունների հասանելիություն։
Բացի այդ, կան մարդկանց խմբեր, որոնց համար բժշկական ծառայությունները հասանելի չեն հասարակությունում ստիգմատիզացիայի պատճառով։ Օրինակ, մարդիկ, որոնց մոտ տուբերկուլոզ են կասկածում, հաճախ բժշկի չեն ցանկանում դիմել, քանի որ վախենում են հասարակության կողմից բացասական վերաբերմունքից։ Նույն ստիգմատիզացիան վերաբերում է նաև ՄԻԱՎ–ով կամ այլ հիվանդություններով ապրող մարդկանց, թմրանյութ օգտագործողներին և օգնության կարիք ունեցողներին։ Հասարակական կարծիքից ունեցած վախի պատճառով նրանք հաճախ չեն կարող դիմել բժշկի։
Բացի այդ, ինչպես նշեց փորձագետը, շատ բուժաշխատակիցներ ճիշտ և գրագետ վարվելակերպի հմտություններ չունեն որոշ, այդ թվում՝ վերոնշյալ խմբերի հետ աշխատելու համար։
med.news.am