Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են երգչուհի Սիլվա Հակոբյանի էջն ու հակահայկական հրապարակումներ արել նրա էջում։ Երգչուհին փորձում է վերադարձնել էջը, սակայն առայժմ դա չի հաջողվել։ Tert.am Life–ի հետ զրույցում Սիլվան ասաց, որ գիշերվա ընթացքում կարողացել են սառեցնել էջը, այժմ այն հասանելի չէ։
«Էրիկը գիշերը եկել էր մեր տուն, քանի որ ինքն արդեն անցել է այդ ամենի միջով։ Մենք արեցինք բոլոր այն քայլերը, որ նա էր արել էջը վերադարձնելու համար։ Կա նաև մասնագետ` Գրիգորը, որը մեզ օգնում է։ Մենք կապվեցինք Ինստագրամի անվտանգության բաժնի հետ, փաստաթղթերն ուղարկեցինք իրենց, համոզվեցին, որ էջն իմն է և կարողացանք ժամանակավորապես սառեցնել այն։ Հիմա էջը հետ վերադարձնելու ընթացքի մեջ ենք։ Հուսով եմ` այն կվերադարձնեմ նույն տեսքով, որով եղել է, նորից հետևորդներ հավաքելու կարիք չի լինի։ Էրիկն ասաց, որ իր դեպքում էջը վերադարձրել են նույն տեսքով, պարզապես, դա ժամանակի հարց է։ Չգիտեմ` քանի օրվա խնդիր է»,– ասաց երգչուհին։
Հայտնիներից շատերի էջերը խոցելի են այն պատճառով, որ հավուր պատշաճի պաշտպանված չեն։ Սիլվան նշեց, որ իր մոտ միացված է եղել պաշտպանությունը, պարզապես, ծուղակն է ընկել։
«Ինձ մոտ միացված էր պաշտպանությունը, բայց կարծում եմ` մի քիչ էլ իմ մեղավորությունը կար դրանում։ Ես իմ էջում փոփոխություն էի ուզում անել։ Նամակ գրեցինք Ինստագրամին, պատասխան նամակ եկավ, որը հղում էր պարունակում։ Փաստորեն, դա ծուղակ էր։ Ես սեղմեցի լինքի վրա, արդյունքում էջս հայտնվեց հաքերների ձեռքում։ Ես իմացա, որ իրնեք ունեցել են տասնյակ, որում եղել է նաև իմ անունը։ Վաղուց են փորձել կոտրել իմ էջը»,– ասաց երգչուհին։ Նրա ֆեյսբուքյան էջն անվնաս է, քանի որ այն կցված է այլ մեյլի։
Սիլվայի էջն Ինստագրամում ուներ մոտ 110 հազար հետևորդ։ Ադրբեջանցիների կոտրելուց հետո այն դարձել է 108 հազար։
«Ես վստահ եմ, որ երբ էջս վերականգնեմ, հետևորդներս կվերադառնան։ Ինձ ավելի տհաճ էր այն, որ իմ էջում նման բովանդակությամբ հրապարակումներ են եղել։ Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր հետևորդներից, ովքեր 2-3 ժամ նման բովանդակություն տեսան իմ էջում։ Երեկ շատ էի սրտնեղել, դեպրեսիվ վիճակում էի, որովհետև սա պատվի հարց է։ Թշնամուս չեմ ցանկանա նման բան։ Հիմա փոքր–ինչ հանգիստ եմ, քանի որ կարողացել ենք փակել էջը։ Ավելի լավ է 10 օր հասանելի չլինի, քան լինի այդ այլասերվածների ձեռքում։ Այսուհետև առավել ուշադիր կլինենք ու խստացված կհետևենք էջերին»,– նշեց երգչուհին։