Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի հարակից դաշտում 20-ամյա Կառլեն Գրիգորյանի սպանության գործն արդեն դատարանում է: Գործը կքննվի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գյումրեցի Վարդան Հովսեփյանը, Կարլեն Գրիգորյանին պատկանող «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան հափշտակելու նպատակով ավազակային հարձակում գործելով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է նրան:
24-ամյա Վարդան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Սպանության գործով «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ փետրվարի 26-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Վարդան Հովսեփյանը Երևանում մոտենում է մի անծանոթ անձի, ով զբաղվել է ուղևորափոխադրմամբ: Հովսեփյանը նրան առաջարկում է իրեն տանել Արագած գյուղ, որտեղ գտնվել է իր կինը, ապա շարունակել ճանապարհը դեպի Կիրովական, բայց քանի որ այդ օրը տաքսի ավտոմեքենա վարող երիտասարդի ծնունդն է եղել, նա մերժել է առաջարկը:
Սակայն Հովսեփյանը նույն առաջարկով մոտեցել է Լենինգրադյան փողոցում կայանած մի ավտոմեքենայի վարորդի՝ Կարլենին:
Պայմանավորվածություն են ձեռք բերել և ուղևորվել: Հասնելով Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտակայք՝ գյուղամիջյան ճանապարհին կանգ են առնել և այստեղ էլ տաքսի ավտոմեքենայի վարորդին սպանելու և նրա ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ Հովսեփյանն իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել Կարլեն Գրիգորյանի կրծքավանդակին և պարանոցին:
Գրիգորյանը դիմադրել է ու դուրս է եկել իր իսկ ավտոմեքենայից և օգնություն կանչել, սակայն Հովսեփյանը ևս ավտոմեքենայից դուրս է եկել ու շարունակել դանակով հարվածները հասցնել նրա մարմնի տարբեր հատվածներում:
Այդ ամենից հետո էլ Հովսեփյանը նրան գցել է գյուղամիջյան ճանապարհին, որտեղ էլ որոշ ժամանակ անց Կարլենը մահացել է:
Իսկ Հովսեփյանը, նստելով Կարլենի ավտոմեքենան, ցանկացել է հեռանալ դեպքի վայրից, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ ավտոմեքենան ձյան մեջ է թաղվել և թողնելով ավտոմեքենան՝ ոտքով հեռացել է:
Ընդ որում, երբ սպանված տաքսու վարորդի ավտոմեքենան հայտնաբերվել է, այնտեղ եղել է նաև դանակը, որով տուժողին բազմաթիվ հարվածներ է հասցրել Հովսեփյանը: