Ֆրանսիայում դեկտեմբերի 14-ին չորս երեխա է զոհվել, ևս 20 մարդ՝ ծանր վիրավորել դպրոցական ավտոբուսի հետ գնացքի բախման հետևանքով: Այս տվյալները հավաստել է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը, որը նույն օրը երեկոյան ժամանել է ողբերգության վայր:
«Արձանագրվել է չորս մահ, 11 մարդ այժմ գտնվում է օրհասական, ինը՝ ծանր վիճակում»,- նշել է կառավարության ղեկավարը:
Ըստ որում վարչապետն ասել է, որ այս պահին բժիշկների առջև ծառացել է զոհվածների և ծանր վիրավորների ճանաչման խնդիրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել են Արևելյան Պիրենեյների դեպարտամենտի (Ֆրանսիայի հարավ) պրեֆեկտուրայում, միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 16:10-ին (Երևանի ժամանակով 19:10-ին) Միյաս քաղաքի շրջանում՝ Պերպինյանից արևմուտք ընկած շրջանում:
Տարածաշրջանային մարդատար գնացքը խոյահարել է տասնյակ մարդկանցով լի դպրոցական ավտոբուսը: Դպրոցականների տարիքը ութից մինչև 17 է: Պատահարի պատճառներն առայժմ ստույգ պարզված չեն: Կատարվում է հետաքննություն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր Twiterr-ում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին և խոստացել է «մոբիլիզացնել ամբողջ երկիրը» տուժածներին օգնելու համար: