Հայաստանին տրանսպորտային կաթված է սպառնում. 2018 թվականից հարկերը կաճեն
Advertisement 1000 x 90

Հայաստանին տրանսպորտային կաթված է սպառնում. 2018 թվականից հարկերը կաճեն

2018 թվականից Հայաստանում կավելանան հասարակական տրանսպորտի հարկերը։ Հարկային օրենսգրքի համաձայն` մարդատար ավտոբուսների հարկերը կավելանան 20%,-ով, միկրոավտոբուսներինը` 15%-ով։

Կավելանան նաև վառելիքի հարկերը` և՛ դիզելային վառելիքի, որն օգտագործում են հիմնականում ավտոբուսները, և՛ գազի, որն օգտագործում են երթուղայինները։ Կպակասի դիզելային վառելիքի ակցիզը, փոխարենը ավելացված արժեքի հարկը կավելանա։ Արդյունքում, ըստ սպասումների, այն կթանկանա, բայց ընդունելի սահմաններում` 5-6%-ով։ Իսկ լիցքավորվող գազի ակցիզը կավելանա երկու անգամ։

Ավտոբուսների ու երթուղայինների ուղեվճարն արդեն ավելի քան 10 տարի է` 100 դրամ է։ Տրանսպորտային ընկերությունները պահանջում էին, որ գները դեռ 2008 թվականին բարձրացնեն։ Այդ ժամանակ ի վեր նրանք մի քանի անգամ շատ կտրուկ են հարցը դրել, բայց մինչև հիմա ոչինչ չի փոխվել, բացի նրանից, որ երեկոյան ժամերին տրանսպորտը պակասել է։

Սակայն այս անգամ տրանսպորտային կաթված, իրոք, կլինի. համոզված է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

«Հունվարին դիզելային վառելիքի գինը կավելանա հարկերի պատճառով։ Դեռ կտեսնեք, թե ինչ կլինի ապրիլ-մայիսին, երբ գյուղացիներին էլ դիզել պետք գա։ Պահանջը կավելանա, գինն էլ կաճի», — հայտնեց նա։

Հարկային «պիկ ժամը» շատ անպատեհ պահի կգա. Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նոր տրանսպորտային գիծ գծել, իսկ գները նույնը պահել։

Նոր ցանցի մասին առաջարկությունները կկազմի բրիտանական խորհրդատուն` WIG ընկերությունը։ Մայրաքաղաքի իշխանությունները նրանց խորհուրդները կքննարկեն տրանսպորտային ընկերությունների ու հասարակական սեկտորի հետ։ Միասին կորոշեն, թե ինչ տրանսպորտ պետք է գործի, ինչ վառելիքով ու ինչ երթուղիներով։ Ու դրանից ելնելով` որքան կլինի ուղեվարձը։

Աշխատանքային խումբը կհավաքվի մյուս տարվա սկզբից, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

Մի հարցի պատասխանն արդեն կա. ամենայն հավանականությամբ, ամբողջ հասարակական տրանսպորտը (բնականաբար, բացի տաքսիներից) մեկ ընկերություն է սպասարկելու, թեև, հնարավոր է, այսօրվա երթուղային օպերատորներին հրավիրեն որպես բաժնետեր։

Առայժմ պարզ չէ` ինչ ժառանգություն կստանա միասնական օպերատորը և ինչ կշահի տրանսպորտից օգտվող հասարակ քաղաքացին։

armeniasputnik.am