Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին անվանել է իրենց հասարակությունում վատից վատը և հորդորել է վերացնել այդ մեխանիզմը: Այս մասին Թրամփը հայտարարել է Վիրջինիա նահանգի ՀԴԲ ազգային ակադեմիայում:
«Կա վիճակախաղ: Դուք ընտրում եք մարդկանց: Կարծում եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույններին: Ո՛չ»,- նշել է Թրամփը՝ առաջացնելով լսարանի ծիծաղը: «Այդ ինչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ իր վարչակազմը կոչ է անում Կոնգրեսին վերջ դնել «շղթայական միգրացիային», ինչպես նաև դադարեցնել վիզային վիճակախաղը՝ այն փոխարինելով արժանիքների վրա հիմնված ներգաղթով:
Թրամփը հիշեցրել է Նյու Յորքում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների մասին, որոնց կազմակերպիչները ևս ԱՄՆ են ներգաղթել գործող մեխանիզմով: