Ինչպես տեղեկացրել ենք, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում (աճողական) սպառողական ապրանքների գներն աճել են 0.8%-ով։
Իսկ 12 ամսյա կտրվածքով՝ 2017 թվականի նոյեմբերը՝ 2016 թվականի նոյեմբերի համեմատ, գներն աճել են 2.2%-ով։ Հենց 12-ամսյա գնաճն է թիրախավորվում Կենտրոնական բանկի կողմիծ և դրվում բյուջեի հիմքում։ 12-ամսյա գնաճի թիրախային միջակայքը 2.5%-ից 5.5%-ն է, այսինքն՝ տարվա 11 ամիսների կտրվածքով գնաճը նախատեսվածից դեռ մի բան էլ ցածր է։
Սակայն առանձին ապրանքատեսակների համար գների փոփոխությունը տարբեր է։ Ազգային ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի ցուցանիշները՝ 12 խումբ ապրանքատեսակների համար (ըստ երկնիշ դասակարգման)։
12 ապրանքախմբերից 3-ի գծով այս տարվա նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, գրանցվել է գնանկում։ Մասնավորապես, բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակների մատակարարման գները նվազել են 4%-ով, տնային գործածության առարկաների, կենցաղայի տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները նվազել են 2.2%-ով, տարբեր ապրանքների և ծառայությունների գները՝ 1.8%-ով։
Կապի ծառայությունների գները 12 ամսվա կտրվածքով չեն փոխվել։
Մնացած 8 ապրանքատեսակների գները նոյեմբերին՝ նոյեմբերի համեմատ, աճել են։
Ամենից շատ՝ 5%-ով, թանկացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները։ Տրանսպորտը թանկացել է 4.6%-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 4.2%-ով։
Ինչ վերաբերում է կոնկրետ սննդամթերքին, այս խմբի մեջ ամենից շատ թանկացել է ձուկը և ծովաթերքը՝ 25.1%-ով։ Յուղերի և ճարպերի ենթախումբը թանկացել է 14.5%-ով, միսը՝ 9.6%-ով (այդ թվում՝ խոզի միսը՝ 40%-ով)։