Հայ «որսորդների» այլանդակությունները. տաշել են գայլի ատամները և հանել սիրտը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ «որսորդների» այլանդակությունները. տաշել են գայլի ատամները և հանել սիրտը. armeniasputnik.am

Հայաստանում ավելի շատ մարդիկ են սկսել իրենց որսորդ անվանել, բայց որսի հետ ոչ մի կապ չունեն։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում, խոսելով հերթական աղմկահարույց որսորդության մասին, ասաց լրագրող–որսորդ Էդուարդ Սարիբեկյանը։

Վերջերս «հայտնի դարձավ» 25–ամյա Խորեն Գրիգորյանը, որը սոցիալական ցանցերում տեղադրել է իր կողմից սպանված կենդանիների լուսանկարները, ընդ որում, դա բավական գռեհիկ է արել` ներքին օրգանների, կտրված գլուխների և այլ դաժան լուսանկարներ։ Համացանցում այս ամենը մեծ աղմուկ է բարձրացել։

«Գաղտնիք չէ, որ որսորդները սննդի մեջ օգտագործում են զոհի միսը, նրա օրգանները։ Դուք խանութում գնում եք կենդանիների բուդ, լեզու, թևիկներ, այլ օրգաններ… Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ուտել գայլի սիրտ (Գրիգորյանը լուսանկար է տեղադրել, որում պահում է գայլի սիրտը, խմբ.) և գիշատչի օրինական որս կազմակերպել, դա ոչ ոք չի արգելում։ Բանն այն է, որ այստեղ ամեն ինչ այլանդակ ձևով է մատուցվում», – նշեց Սարիբեկյանը։

Նրա խոսքով` գոյություն ունի «որսի էթիկա» հասկացություն։ Քաղաքակիրթ աշխարհում կան նորմեր, որոնց հետևել և հետևում են որսորդները։ Սարիբեկյանը կարծում է, որ ոչ ոք չպետք է իր որսորդական գործունեությամբ զզվանք առաջացնի։

«Ինչու՞ ամբողջ աշխարհին պատմել այն մասին, որ դու գործիքով հանել ես գայլի ատամը։ Բոլոր գրագետ որսորդները, երբ իրենց որսը լուսանկարում են, հետևում են որոշակի նորմերի` ինչպես պետք է ընկած լինի լեշը, ինչպես ցույց տա եղջյուրները և այլն», – ասաց Սարիբեկյանը։

Էդուարդ Սարիբեկյանը նշել է, որ արդյունքում պարզվել է` Խորեն Գրիգորյանը չունի որսորդության իրավունք և իր անունով գրանցված որսորդական հրացան օգտագործելու թույլտվություն։ Խոսնակի կարծիքով` տվյալ դեպքում քրեական գործի «հոտ է գալիս»։

«Հետաքրքիր է, որ վերջին շրջանում նման դեպքերը «ջրի երես են» դուրս գալիս հենց սոցիալական ցանցերի միջոցով։ Դա նշանակում է, որ կա մարդկանց խումբ, որը զբաղվում է մոնիտորինգով, գտնում նման լուսանկարները։ Բայց ցանկանում եմ հարցնել բնապահպաններին` նրանք ինչու՞ են որոշել, որ բոլոր որսորդներին պետք է պատասխանատվության ենթարկել։ Չէ՞ որ ամեն մեկը, ով ձեռքում զենք է պահում, օրինական որսորդ չէ», – ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Որսորդի կարծիքով, եթե ինչ-որ մեկը փողոցում քաղաքապետարանի պատվերով կրակում է շներին, ապա նա ընդամենը կատարում է քաղաքապետարանի պատվերը։

Նա նաև նշեց, որ ցանկացած որսորդ յուրահատուկ վերաբերմունք ունի շների նկատմամբ, քանի որ հիմնականում նրանք ամենագլխավոր օգնականներն են։

«Օրինակ, չի կարելի դաժան անվանել նրանց, ովքեր կրակում են փողոցային շներին, քանի որ նրանք կատարում են պետության պատվերը։ Այդ դեպքում պետք է պատժել պատվիրատուին։ Ձեր կարծիքով, օրինակ, Գյումրիում որսորդներն այնքան համարձակ են, որ դուրս են գալիս փողոց և ինքնագլուխ կրակու՞մ կենդանիներին։ Պետք է տարբերել օրինական սպանությունը հանցագործությունից։ Դրանց միջև նույն տարբերությունն է, ինչպես սահմանին կանգնած զինվորի և վարձու մարդասպանի։ Անհրաժեշտության դեպքում ցանկացած զինվոր կոչնչացնի հակառակորդին, բայց նա մարդասպան չէ», – ասաց Սարիբեկյանը։

Որսորդի խոսքով` համակարգիչների մոտ նստած են «անգրագետ մարդիկ, որոնք իրենց բնապահպանների տեղ են դրել»։ Նա վստահ է, որ եթե թռչունների ցուցակ տալ և խնդրել դասակարգել դրանց, ապա նրանք չեն կարողանա դա անել։

Սարիբեկյանի խոսքով` այսօր բնապահպանները շատ են, նրանք պետք է պայքարեն իրենց «որսորդ» կոչող մարդկանց անօրինական գործունեության դեմ ։ Եթե չեն կարող, ապա նրանք ոչ թե բնապահպաններ են, այլ ուղղակի շատախոսներ։

armeniasputnik.am