Այո, մենք տոնածառ փոխելու խնդիր ունենք. Երևանի գլխավոր դիզայները արձագանքում է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այո, մենք տոնածառ փոխելու խնդիր ունենք. Երևանի գլխավոր դիզայները արձագանքում է. life.panorama.am

Երևանի գլխավոր տոնածառի շուրջ խոսակցությունները, մեղմ ասած, այնքան էլ դրական չեն: Տոնածառի տեղադրումից օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հայտարարեց, որ դրա «հանդերձանքը» այս տարի ևս կլինի նույնը՝ որոշ փոքրիկ փոփոխությամբ: Այս թեման վերջին օրերին այնքան է քննարկվում, որ անգամ անեկդոտներ են ստեղծվել մեր քաղաքի գլխավոր տոնածառի շուրջ: Ինչևէ, փաստն այն է, որ այն արդեն իսկ տեղադրվել է և համեմատությամբ նախորդ տարիների՝ ավելի քիչ թվով խաղալիքներ և լուսադիոդային լամպեր է կրում՝ 8000 լուսադիոդային լամպ և 400 խաղալիք:

Life.panorama.am-ն արդեն երկար տարիներ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի միապաղաղության, ինչպես նաև քաղաքի ամանորյա տեսքի մասին զրուցել է Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ:

«Ես էլ բոլորի հետ համաձայն եմ, որ գլխավոր տոնածառը չի փոխվում արդեն քանի տարի, սակայն դա այն պատճառով է, որ տոնածառ փոխելը ահավոր մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված, իսկ մեր հնարավորություններն այսօր մեզ դա թույլ չեն տալիս: Պետք է հասկանալ, որ տոնածառ փոխել, նշանակում է՝ հիմնովին նոր տոնածառ պետք է ձեռք բերել, փոփոխությունը չի կարող լինել միայն լույսերի կամ խաղալիքների նորացմամբ: Մենք երկար ժամանակ է, ինչ փոձում ենք համագործակցել համապատասխան ընկերությունների հետ, որպեսզի գնանք այդ փոփոխություններին, սակայն մեր ջանքերն ապարդյուն են անցնում»,- նշեց Գ. Ամատունին:

Իսկ հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք ոչ թե ամբողջությամբ նոր տոնածառ ձեռք բերելով, այլ որոշակի լուծումներով փոփոխությունենր կատարել, պատասխանեց.

«Այո, մենք տոնածառ փոխելու խնդիր ունենք, քանի որ դա շատ թանկ հաճույք է: Ինչ վերաբերվում է առանձին լուծումներին, այս պարագայում լույսերին և խաղալիքներին, դրանք ամենագլոբալ փոփոխություններն են: Երբ տարիներ առաջ ձեռք բերվեց այս տոնածառը, դեռ լեդ հասկացությունը չկար, այն ժամանակ լրիվ ուրիշ տեխնոլոգիաներով էին տոնածառը զարդարում: Իսկ այսօր կա լեդ տեխնելոգիաները, որի շնորհիվ տաբեր լուծումներով ստանում ենք շատ էֆեկտիվ արդյունք, որը ևս բավականին թանկ հաճույք է: Հիմա, եթե մենք լույսերն ու խաղալիքները հանենք և նորը բերենք, ապա, միևնույն է, ֆորմա չի փոխվի և միայն թեթև տարբերություն կնկատվի: Լույսերն ու խաղալիքները փոխելով մենք չենք ունենա լեդ էֆեկտ, բայց կունենանք ահավոր մեծ ծախս: Հավատացեք՝ մենք էլ շատ շահագրգռված ենք, որ փոխվի տոնածառը, և այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, բայց հասկանում ենք նաև, որ փոփոխությունը գլոբալ պետք է լինի»:

Անդրադառնալով քաղաքի ընդհանուր տեսքին, գլխավոր դիզայները նշեց.

«Ինչ վերաբերվում է քաղաքի արտաքին տեսքին, առանձին համայնքների զարդարանքներին, ապա համաձայն չեմ, որ դրանք գեղեցիկ չեն կամ գույները շատ են: Այս տարի բոլոր վարչական շրջաններին ու տնտեսվարող սուբյեկտներին ծանուցել ենք, որ պետք է ձևավորումների հարցում պահպանել համահունչ լինելու սկզբունքը: Այս տարի ընտրված են սպիտակ և դեղին գույները, և քաղաքը այդ երկու երանգներով է զարդարված: Այս առումով վստահ կարող եմ ասել, որ մեծ տաբերություն կա անցած տարիների համեմատությամբ: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ նման պարագայում ևս կարևոր են ֆինանսական ներդրումների չափը. որքան մեծ գումարներ նախատեսվեն զարդարանքի համար, այնքան ավելի գեղեցիկ լուծումներ կարող ենք ստանալ: Այս տարի հեռացրել ենք ամեն Ամանորին տեղադրվող լուսային կենդանիները, թողել ենք միայն եղնիկներին: Ընդհանուր առմամբ շեշտը դրել ենք լուսավորության վրա, որն աշխարհում ամենաընդունվածն է: Այսօրվա դրությամբ մենք մաքսիմալ փորձել ենք ստանալ գեղեցիկ և ցանկալի արդյունք: Եվ վերջապես, մարդկանց ճաշակներն ու ընկալումները տարբեր են, օրինակ՝ ես ջազ եմ սիրում, իսկ ռաբիզ երաժշտություն նախընտրողը ջազ չի սիրում: Դրա համար մենք փորձում ենք գտնել ոսկե միջինը նաև քաղաքի ձևավորման հարցում: Բնականաբար, շատ տեղ ունենք դեռ աշխատելու, բայց, եթե այսօրվա քաղաքի տեսքը համեմատենք նախորդ տարիների հետ, ապա հաստատ կզգանք մեծ տարբերություն ու առաջխաղացում»:

life.panorama.am