Տոնական օրերի նախաշեմին անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար: ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի կարևոր խորհուրդներով է կիսվել այս թեմայով:
- Ամանորյա քաղցր նվերներն անհրաժեշտ է գնել կազմակերպված առևտրի կետերից:
- Գնելիս ուշադրություն դարձնել մակնշման վրա, որտեղ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից պետք է նշված լինի նվերի պարունակությունը (դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին՝ նշելով կոնֆետների, շոկոլադի, տուփերի քանակները, դրանց արտադրման վայրը) փաթեթավորման ամսաթիվը, պիտանիության ժամկետները և պահպանման պայմանները, փաթեթավորող կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, սննդային արժեքը, այն նորմատիվ ակտի անունը, համաձայն որի այն պատրաստվել է:
- Նվերն ընտրելիս նախապատվությունը պետք է տալ այն արտադրանքին, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր:
- Պետք է հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ի ավելի է:
Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ.
- Թխվածքաբլիթներին, ընդ որում` ցանկալի է ընտրել ցածր կալորիականությամբ:
- Շոկոլադե կոնֆետներին` շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, և հակաօքսիդանտներ:
- Զեֆիրներին` այն չի պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:
Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:
Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով: