Յոհաննեսբուրգի տներից մեկի տեսահսկման խցիկը սարսափազդու կադրեր է նկարել. կողոպտիչը կրակել է երկու մեծահասակ անդամից ու երեխայից բաղկացած ընտանիքի վրա նրանց հեռուստացույցը գողանալու համար:
Ամենից ծանրը բաժին է ընկել տղամարդուն, ով փորձել է կանգնեցնել հանցագործին, վերջինս նրա գլխին է կրակել:
Կադրերում երևում է, թե ինչպես է կողոպտիչը զենքը ձեռքին վազում մանկան հետ կնոջ հետևից, իսկ հետո նրանց կողմն է կրակում: Ապա սենյակում հայտնվում է տղամարդը, որի գլխին է կրակում հանցագործը: Դրանից հետո կողոպտիչն ու նրա հանցակիցը պատից պոկում են հեռուստացույցը և հեռանում հանցագործության վայրից:
Տեղի ունեցածից հետո ընտանիքի հայրը հոսպիտալացվել էր կրակված գլխով, նրա կինը կոտրել էր ոտքը՝ փորձելով փախչել կողոպտիչներից, իսկ երեխան վնասվածքներ չի ստացել: Ներկա պահին տեսագրության բոլոր մասնակիցների կյանքին ոչինչ չի սպառնում, հանցագործներին որոնում է ոստիկանությունը, հաղորդում է Daily Mail-ը: