Իսկ դուք գիտեի՞ք, որ նախագահ Թրամփի հաղթանակից հետո նրան օգնել են թիմ կազմել ամերիկահայ Նահիգյան եղբայրները: Արդյոք դժվա՞ր է թիմ հավաքել աշխարհի ամենաազդեցիկ մարդու համար. Պարզենք միասին:
«Մենք միշտ ունեցել ենք յուրահատուկ եռանդ, որը բնորոշ է հայերիս: Միշտ միտված արդյունքին և միշտ պատրաստ օգնել մերձավորին՝ սրանք էին մեր առանձնահատկությունները», – նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը գլխավորած քաղաքական ստրատեգ Քեն Նահիգյանն իր հայկական արմատների մասին երբեք չի մոռացել:
Ապաստան ստանալով Միացյալ Նահանգներում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած Գևորգ Նահիգյանը չէր սիրում թոռներին պատմել Մեծ եղեռնի պատմությունը՝ փորձելով պաշտպանել նրանց ցեղասպանության սարսափներից, սակայն՝ փոխացնել է թոռներին հայի բնավորությունը, ասում է Քիթ Նահիգյանը.
«Այդ հայի բնավորությունն է, որ արտացոլվում է մեր աշխատանքում և դարձնում մեզ եզակի»:
Նահիգյանները քաղաքականության մեջ են պատանի տարիներից:
«Մեր հայրը քաղաքապետ էր առաջադրվում: Մենք էլ արթնանում էինք առավոտյան 3-ին և թռուցիկներ թողնում տների առջև», – պատմում է Քեն Նահիգյանը:
Թռուցիկ բաժանելուց մինչև նախագահի թիմի հավաքագրում ճանապարհը երկար էր և հետաքրքիր: Նահիգյանները դառնում են իրավաբան, մասնակցում ամերիկյան կոնգրեսականների ընտրություններին, ներգրավվում սենատորներ Բոբ Դոուլի և Ջոն Մքքեյնի նախագահական քարոզարշավներում և խոշոր ընկերություն հիմնում: Ղեկավարելով նախագահ Թրամփի անցումային թիմը՝ Նահիգյանները օգնել են ընտրել հազարավոր ղեկավար պաշտոնյաներ ամերիկյան վարչակազմի համար:
«Դաշնային կառավարությունն ունի 4008 ղեկավար պաշտոնյա: Այդքան պաշտոնների համար պատշաճ մարդ գտնելը անշուշտ ժամանակ է խլում, առավել ևս որ նախագահ Թրամփը նախընտրական շրջանում կենտրոնացել էր պայքարի վրա», – նշում է Քեն Նահիգյանը:
Անցումային թիմի կողմից թեկնածուների ընտրությունն արվել է՝ հնարավոր բոլոր մանրուքները հաշվի առնելով. Ստուգվել է թեկնածուների փորձը, վստահելիությունը, մասնագիտական հատկանիշները:
«Թեկնածուների հետ տևական հարցազրույց էինք անցկացնում, տալով ամենաբարդ հարցերը, տեսաձայնագրում այդ ամենը», – նշում է Քեն Նահիգյանը:
Քիթ Նահիգյանը, ով պատասխանատու էր անցումային թիմի արտաքին կապերի համար, հիշում է, որ այսօրվա տեխնոլոգիական դարում թեկնածուներին նույնիսկ զգուշացնում էին սոցցանցերում նրանց բարեկամների գրառումների վտանգի մասին: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ, որոնց թվում են հաջողակ գործարարներ, համաձայնել են թողնել իրենց բիզնեսը և աշխատել կառավարությունում, որոշ դեպքերում սեփական աշխատավարձը սահմանելով խորհրդանշական մեկ դոլարի չափով:
Քեն Նահիգյանն ընդգծում է՝ երբ փոխնախագահ Փենսը պաշտոնապես հայտարարեց իրեն անցումային թիմի ղեկավար նշանակելու մասին, ինքը կիսեց հպարտությունն ամբողջ հայ համայնքի հետ.
«Այդ պահին այստեղի և ողջ աշխարհի հայ համայնքներից շնորհավորանքներ ստացանք: Դա անսահման հպարտության պահ էր, երբ զգացինք, որ մենք նույնպես հայ համայնքի կանթեղը բարձր պահող մասնիկն ենք»: