Արտասահմանյան, այդ թվում հայկական համարանիշներով մեքենաները Վրաստան մուտք կգործեն միայն այն դեպքում, երբ ապահովագրություն կստանան սահմանին։
Հայկական համարանիշներով մարդատար ավտոմեքենաների վարորդներն ամեն անգամ Վրաստան մեկնելուց առաջ պետք է ապահովագրություն ձևակերպեն։ Սակայն դա չի վերաբերում այն ընկերությունների մեքենաներին, որոնք ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևան-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերություններից մեկի ղեկավարը` Միքայելը (անունը փոխված է)։
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որը պարտավորեցնում է արտասահմանյան համարանիշներով տրանսպորտային միջոցներն ապահովագրել Վրաստան մուտք գործելիս։ Միաժամանակ ապահովագրության գումարը կախված է մեքենայի տեսակից, շարժիչի հզորությունից, Վրաստանում անցկացրած օրերի քանակից։
«Իմ ընկերությունն ավելի քան տասը տարի ուղևորափոխադրում է իրականացնում ինչպես Հայաստանից Վրաստան, այնպես էլ հակառակը։ Մենք երկկողմ համաձայնագիր ենք կնքել, դրա հիման վրա մեզ արտոնագիր են տրամադրել, որն ազատում է նման պարտավորություններից»,- ասաց ընկերության պետը։
Նրա խոսքով` Հայաստանում արտասահմանյան համարանիշներով մարդատար մեքենաների համար ապահովագրության նույնպիսի համակարգ է գործում 2011թ-ից։ Սակայն դատելով գներից` հայկական համարանիշներով մարդատար ավտոմեքենաների վարորդների համար Վրաստան մուտք գործելն ավելի թանկ կլինի։
1.3 և 1.5 լիտր ծավալ ունեցող շարժիչներով մարդատար ավտոմեքենաների վարորդները հայկական սահմանին մեկ անգամ Հայաստան մուտք գործելու համար (մինչև 15 օր) վճարում են 10 լարի (1900 դրամ)։ 3.2 շարժիչով մարդատար մեքենաները` 30 լարի (5700 դրամ), 5.0 շարժիչով մեքենաները` 50-80 լարի (9500-15 500 դրամ)` կախված ավտոմեքենայից: