Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի խոշոր քաղաքներում կարելի է հանդիպել մարդկանց խմբերի, որոնք ուսումնասիրում են Գեորգի Գյուրջիևի գաղափարները և գործնական տեխնիկան: Գյուրջիևյան խմբերը սովորաբար խուսափում են հրապարակայնությունից, չեն ձգտում որևէ մեկին դարձնել իրենց ուսմունքի ջատագովը. սովորական կյանք են վարում` զբաղվելով լարված ներքին աշխատանքով:
Այս «խորամանկ իմաստունը», ինչպես անվանում են Գյուրջիևին, ողջ կյանքը նվիրել է արևելյան էզոտերիկ ուսմունքների ուսումնասիրությանը և այդ գիտելիքները արևմտյան մարդու մտածելակերպի համար մատչելի ձևով հաղորդելուն: Ի դեպ, Գյուրջիևի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի:
Նա ծնվել է 1872թ. Ալեքսանդրապոլում: Հայրն ազգությամբ հույն էր, մայրը` հայ: Փոքր հասակում նա դառնում է Ռուսական Մայր տաճարի ավագ քահանայի աշակերտը: Գյուրջիևի խոսքերով, իր հարազատ ծնողն ու հոգևոր հայրը` ավագ քահանան, նրա մեջ սերմանեցին երկրի վրա տեղի ունեցող կենսական պրոցեսները և մարդկային կյանքը բացահայտելու ցանկությունը:
Գյուրջիևն ապրում էր Կարսում, որը շատ ժողովուրդների, հավատքների և մշակույթների օրրան էր: Այստեղ ապրում էին քրիստոնեական, ասորական, իսլամական և նույնիսկ զրադաշտական կրոնի հետևորդները, և պատանի Գյուրջիևն ընկղմվեց մշակութային այս խառնարանի մեջ: Ծանոթացավ համարյա բոլոր գաղտնի փիլիսոփայական, գերբնական, միստիկ և քաղաքական կազմակերպություններին: Շատ գիտելիքներ նա ձեռք բերեց քրիստոնյա վանականության աղբյուրներից: Հետագայում մշտապես ընդգծում էր էզոտերիկ քրիստոնեության նշանակությունը: Քաջատեղյակ էր ռիթմիկ շնչառության տեխնիկային և աղոթքներին:
Սակայն նա այդ բոլոր կրոնական ուսմունքներում չէր գտնում իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:
16 տարեկանում, մի խումբ ընկերների հետ, որոնք իրենց կոչում էին «Ճշմարտության որոնողներ», Գյուրջիևը ճանապարհորդության է մեկնում Արևելք` Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղից էլ` Եթովպիա, Սողոմոնի կղզիներ: Երեք տարի տևած ճանապարհորդության ընթացքում նա ծանոթանում է բազմաթիվ ուսմունքների հետ: Նրա վրա մեծ ազդեցություն ունեցան էզոտերիկ իսլամի վարպետները: Հենց սուֆիական ուսմունքների հիման վրա էլ ստեղծվեց նրա ուսմունքը:
Գյուրջիևյան ուսմունքի կենտրոնական սիմվոլն է սուֆիական ծագում ունեցող Էնեոգրաման: Բազմաթիվ սուֆիական պարեր, որպես մեդիտացիա, կատարվում են Գյուրջիևի դպրոցներում:
Նրա ուսմունքում առկա է նաև մեկ այլ էզոտերիկ տարր` Տիբեթյան բուդդիզմը: Ավելի քան տասը տարի Գյուրջիևն ապրել է Տիբեթում: Որոշ տվյալներով, նա եղել է փոքրիկ դալայ-լամայի դաստիարակը և կարևոր պաշտոններ է զբաղեցրել: Շատ քիչ տեղեկություններ կան Տիբեթում և Կենտրոնական Ասիայում նրա ապրած տարիների մասին (1890-1910թթ.): Հայտնի է, որ նա հետազոտություններ էր կատարում, ուսումնասիրում էր վանքերում պահպանված հնագույն տեքստերը, ինչպես նաև` սիբիրյան շամանիզմը: Հավանաբար, հենց այս որոնումների, ուսումնասիրությունների արդյունքում էլ ձևավորվեց աշխարհի և գիտելիքների հանդեպ բոլորովին նոր հայացք: Աստիճանաբար նա սկսեց գիտակցել, թե որն է իր առաքելությունը: Ինչպես ինքն էր արտահայտվում` արևմտյան աշխարհ բերել «իրավիճակի սարսափի» և դրանցից ազատագրվելու մասին գիտելիքները:
Նրա կյանքի հաջորդ կարևոր փուլը սկսվում է 1915թ., երբ առաջին անգամ որպես ուսուցիչ հայտնվում է Ռուսաստանում: Պետերբուրգում նա հանդիպում է Պյոտր Դեմյանովիչ Ուսպենսկու հետ, ով այդ ժամանակ նոր էր վերադարձել ճանապարհորդությունից, և որի նպատակն էր էզոտերիկ գիտելիքներ գտնել: Նա զարմանքով հայտնաբերեց, որ այն, ինչ որոնում էր, գտնվում է իր հարազատ քաղաքում: Գյուրջիևի հետ իր առաջին հանդիպումն Ուսպենսկին նկարագրել է «Հրաշքը փնտրելիս» գրքում. «Ես տեսա այդ ոչ այնքան երիտասարդ, արևելյան դիմագծերով, սև բեղերով և խորաթափանց աչքերով մարդուն: Նա նման էր հնդիկ ռաջայի, կամ էլ` արաբ շեյխի: Ռուսերեն շատ վատ էր խոսում, բազմաթիվ սխալներով և խիստ կովկասյան առոգանությամբ…»։
Ուսպենսկին Գյուրջիևյան ուսմունքի հետևորդների մի խումբ հավաքեց, որոնք վերջինիս հետ աշխատեցին մինչև հեղափոխությունը: Գյուրջիևն իր աշակերտների հետ խոսում էր Տիեզերքի հանդեպ մարդու վերաբերմունքի, գիտակցական ոլորտների, մահվան և անմահության մասին: Նրա առաջին աշակերտներից մեկն այսպես է նկարագրում այդ շրջանը. «1917թ. Ռուսաստանը քայքայվել էր հեղափոխությունից և պատերազմից: Գյուրջիևն անհայտ «մարդ-գաղտնիք» էր: Ոչ ոք ոչինչ չգիտեր նրա ծագման մասին, նաև այն մասին, թե ինչպես էր նա հայտնվել Մոսկվայում և Պետերբուրգում: Սակայն ով մեկ անգամ նրա հետ շփվում էր, դառնում էր նրա հետևորդը»:
Նա իր աշակերտների հետ լքում է Ռուսաստանը և խճճված ճանապարհորդություն է կատարում Թիֆլիսի լեռներով: Այստեղ նա նոր խումբ է հավաքում և մի քանի տարի աշխատում է նրանց հետ: Սակայն շուտով սկսվում է հեղափոխությունը, և նրանք հեռանում են Վրաստանից, հասնում Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ` մեկնում Բեռլին: Մի քանի տարվա զրկանքներից հետո Գյուրջիևը հասնում է Փարիզ և որոշում է այնտեղ հաստատվել: Մեկ տարվա ընթացքում նա գումար է հավաքում Ֆոնտենբլոյի մոտ գտնվող Ավոն ամրոցը ձեռք բերելու համար և հենց այնտեղ էլ հիմնում է մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտը:
Շուրջ 10 տարի նա լարված աշխատում է իր աշակերտների հետ: Այդ ժամանակ Գյուրջիևը ստուգում էր ինքնազննման գործնական վարժությունների սիստեմը: «Պրիերեյում» (այդպես էր կոչվում ամրոցը) անցկացրած ժամանակը դիտվում էր որպես ինքնագիտակցության զարգացման հնարավորություն: Սա լարված աշխատանքի շրջան էր, որի ընթացքում նա բազմաթիվ դեմոնստրացիաներ կազմակերպեց, ինչպես նաև` դասախոսություններ կարդաց Եվրոպայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում, որոնք ընդհատվեցին դժբախտ պատահարի պատճառով: Գյուրջիևն ավտովթարի ենթարկվեց, որից հետո հրաշքով կենդանի մնաց: Այս իրադարձությունը մի նոր ուղղություն մտցրեց նրա գործունեության մեջ: Նա 3 գիրք գրեց, որոնք հանգուցալուծում էին մարդկության առջև դրված խնդիրները.
1. Քանդել մեր գիտակցության մեջ հարյուրամյակներ շարունակ քարացած հայացքները։
2. Ընթերցողներին ծանոթացնել նոր ստեղծագործության համար անհրաժեշտ նյութերի հետ։
3. Ստեղծել աշխարհի մասին մի նոր պատկերացում, վերացնել այն ֆանտաստիկն ու վերացականը, որ մինչ այժմ եղել է: Պատկերացում տալ իրական աշխարհի մասին:
Այս գրքերն են` «Բոլորն ու ամեն ինչը», «Հանդիպում հրաշալի մարդկանց հետ», «Կյանքը ճշմարիտ է, երբ ես կամ»:
Իր առաջին գրքում Գյուրջիևը մեկնաբանում է ժամանակակից մարդու կյանքը երկիր եկած մի արարածի միջոցով: Այս աշխատանքը հանրագիտարանային մեկնաբանություն է, որը պատասխանում է մարդկության առջև դրված բազմաթիվ կարևոր հարցերի:
Երկրորդ գրքում նա պատմում է ճշմարտությունը որոնելու իր պատմության մասին, հիշում է իր ուսուցիչներին և յուրօրինակ մարդկանց, որոնց հանդիպել է շրջագայությունների ընթացքում:
Երրորդ գրքում հաշվետվություն է տրվում ներքին զարգացման մասին, նկարագրվում են հատուկ վարժություններ, որոնք զարգացնում են «ես»-ի գիտակցումը:
1933թ. գրվեց մի նոր գիրք` «Ավետիս» վերնագրով: Գիրքը ներկայացնում էր այն մտքերը, որոնց վրա է հիմնված Գյուրջիևի ուսմունքը և նկարագրում է Մարդու Ներդաշնակ Զարգացման Ինստիտուտը:
1933թ. մի նոր շրջան էր Գյուրջիևի գործունեության մեջ: Նա փակում է Ինստիտուտը և ճանապարհորդում է տարբեր երկրներով, ստեղծում է նոր խմբեր Ամերիկայի շատ քաղաքներում: Նրա աշակերտների թիվը Նյու Յորքում և Փարիզում հասնում էր հարյուրների: Մեր օրերում նրա հետևորդների թիվը հասնում է հազարների:
Գյուրջիևի էզոտերիկ ուսմունքն իր մեջ պարունակում է դասական էզոտերիկ մտքեր, սակայն նրա սեփական գաղափարներն առանձնանում են յուրօրինակությամբ: Դրանք են`
– Սովորական կյանքի վերացական լինելու գաղափարը,
– Միկրոտիեզերական պլանի համամասնությունը մակրոտիեզերականին,
– Մարդու բաժանումը 4 մարմնի,
– Սեփական անձի վրա կատարվող աշխատանքի առանձնահատկությունները,
– «Արարման շողի» գաղափարը։
Ըստ Գյուրջիևի, մարդն ապրում է Տիեզերքի ամենաանպետք վայրում: Մոլորակը ղեկավարում են բազմաթիվ մեխանիկական օրենքներ, որոնք դժվարացնում են մարդու ինքնառեալիզացումը: Հոգևոր աճը դժվարությամբ է իրականանում, մարդուց պահանջվում է մեծ ուշադրություն և ջանք, իսկ դա միայնակ անելը բարդ է:
Չորրորդ ուղի հասնելիս մարդը պետք է ինքնահաստատվի առանց կողմնակի օգնության: Մարդու՝ զարգացմանը խոչընդոտող օրենքների ծանրությունից ազատագրումը կոչվում է ինքնազարգացման մեթոդ: «Մարդը չի կարող գիտելիք ստանալ առանց սեփական ջանքերի»,- ասում էր Գյուրջիևը: «Անհրաժեշտ է կազմակերպվածություն, պետք է աշխատել խմբում, այն մարդու օգնությամբ, ով ավելի վաղ է ազատագրվել: Միայն այդպիսի մարդը կարող է հուշել, թե որն է ազատագրման ուղին: Անհրաժեշտ են այն մարդկանց գիտելիքներն ու ցուցումները, որոնք արդեն անցել են այդ ճանապարհով»:
Գյուրջիևի էզոտերիկ ճշմարտության ուսմունքն ամենից առաջ հասցեագրված է մարդուն և միայն նրա միջոցով` արտաքին աշխարհին:
Այս ուսմունքը թույլ է տալիս քննադատաբար նայել սեփական անձին և աշխարհին, փորձել հասկանալ մեկ այլ մարդու աշխարհազգացումը, մտածել գոյության հիմնական խնդիրների մասին: Այս աֆորիզմները յուրահատուկ ձեռագրով գրված են Ինստիտուտի պատերին:
Հիշիր ինքդ Քեզ միշտ և ամենուր:
Եթե դուք գիտեք, որ դա վատ է, սակայն շարունակում եք անել, իմացե՛ք, դուք անուղղելի մեղք եք գործում:
Օգնիր միայն նրան, ով ծույլ չէ:
Հարգիր բոլոր կրոնները:
Ես սիրում եմ նրան, ով սիրում է աշխատանքը:
Հաշվի առ այն, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին, և ոչ թե` ինչ են ասում:
Գիտակցված հավատը ազատություն է: Էմոցիոնալ հավատը` ստրկություն: Մեխանիկորեն հավատալը` հիմարություն:
Պատրաստեց Մերի Հովհաննիսյանը
Հունիս 16, 2006
168.am