Ինչո՞ւ ենք այդքան մեծ լարվածություն և չհասցնելու զգացողություն ունենում տոներից առաջ։ Ինչո՞ւ ենք հանգստից հետո մեծ դժվարությամբ վերադառնում աշխատանքային գործունեությանը։ Ինչո՞ւ ենք ամեն իրադարձությունից հետո, լինի դա տոն, քննություն կամ որևէ պատասխանատու գործընթաց, ունենում դատարկության կամ միապաղաղության զգացում։
Այս բոլոր հարցերն ունեն իրենց միանշանակ պատասխանը, որը բխում է այն հոգեկան և ֆիզիկական անմիջական և միջնորդավորված փոփոխություններից, որոնք մենք կրում ենք նման օրերին ընդառաջ և հետո։ Որպես կանոն, հոգեբաններն այս հոգեկան ծանրաբեռնվածությունը հակված են անվանել նախատոնական և հետտոնական սթրես։ Իրավամբ, նման դրսևորումները կարելի է անվանել սթրեսային, սակայն սա այն սթրեսն է, որը չի հանգեցնում որևէ հոգաբանական շեղման։ Սրանք ավելի շատ ինքնաիրականացման, սուղ ժամանակահատվածում օրգանիզմը մեծ ծանրաբեռնվածությամբ ճնշելու, որոշակի սպասումների չիրականացման, սեփական նախաձեռնությունների չգնահատման և այլ անձնային կամ ներանձնային խնդիրների առաջացման հետևանքներն են։
Առհասարակ, մարդուն բնորոշ է, մանավանդ՝ պատասխանատվության մեծ զգացումով, կարևոր իրադարձություններից առաջ զգալ ֆիզիկական և հոգեկան աններդաշնակություն։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք գիտակցում ենք, որ կան մեզնով պայմանավորված գործողություններ, և այդ գործողություններին որակավորում կամ գնահատական տվողներ։ Այսինքն՝ իրավիճակ, որտեղ կա հնարավորություն ինքնադրսևորվելու, բայց, միևնույն ժամանակ, դա պետք է իրականացվի որոշակի նորմերին կամ պահանջներին համապատասխան։ Ա՛յ հենց նման սահմանման գիտակցումը բերում է լարվածության, քանի որ սոցիալականացման գործընթացը տարբեր մարդիկ տարբեր կերպ են անցնում և հաղթահարում՝ սկսած վաղ մանկությունից։ Եթե մենք փոքր տարիքից սովոր ենք ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, և, միևնույն ժամանակ, կարող ենք հանգիստ ընդունել անհաջողությունը, ապա նման լարվածությունն առկա կլինի, սակայն, նորմային մոտ՝ չվնասելով անձնային ինքնադրսևորման հմտությունները։ Հակառակ դեպքում, երբ երեխան ապրել է գերխնամքի կամ կատարյալ անուշադրության մթնոլորտում, ապա նա միշտ հակված կլինի գերկարևորել շրջապատի կարծիքը, ինչը կբերի ոչ թե ներդաշնակ ինքնազարգացման տանող ինքնաքննադատության, այլ կտանի հոգեկանը քանդող, ինքնաոչնչացնող ինքնաքննադատության։ Եվ, բնականաբար, այս մարդկանց լարվածությունը միանշանակորեն կազդի նրանց կյանքի որակի վրա՝ զրկելով սոցիալական տարբեր ոլորտներում ինքնադրսևորվելու հնարավորությունից։ Հետևաբար՝ նաև տոնական իրադարձություններին ընդառաջ, այս երկու տեսակին պատկանող անձինք տարբեր նպատակային խնդիրներ կդնեն իրենց առաջ և կփորձեն իրականացնել դրանք։ Մի մասը կբավարարվի հիմնական մի քանի ուտեստ պատրաստելով, և կկարևորի ընտանեկան ներդաշնակությունն ու հանգիստը, և հետտոնական իրավիճակում կունենա ավելի քիչ «կորուստ»՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական։ Մյուս մասը կունենա գերխնդիր՝ կատարել տան կատարյալ մաքրություն, սեղանին կլինի մեծ առատություն, ամեն բան կարվի հյուրերի հիացմունքը ստանալու համար, սակայն իրականում չի ունենա բավարարվածության զգացում, քանի որ կլինի գերհոգնած, միգուցե չստանա սպասվելիք գնահատանք, տոներից հետո, հնարավոր է՝ պարուրված լինի հոգեբանական դատարկությամբ, քանի որ, երբ մեր սպասելիքները չեն իրականացվում, և մենք ներքին հանգստություն չենք ունենում, ապա դա հանգեցնում է միապաղաղության և ֆիզիկական ուժերի արագ սպառման։
Մեկ այլ խնդիր կարող է առաջացնել նաև տոներին հաջորդող հանգիստը և հանգստից հետո աշխատանքի վերադառնալու անպատրաստակամությունը։ Ինչո՞ւ ենք այդքան դժվար հարմարվում մեզ համար ամբողջ տարին սովորական գործընթացի վերածված աշխատանքին։ Մեզ թվում է, թե մենք գնում ենք հանգստի մի քանի օր, սակայն իրականում մենք մեր օրգանիզմն ու հոգեկանը ենթարկում ենք իրական սթրեսի։ Խլում ենք նրանից իրեն սովոր օրվա ռիթմն ու բովանդակությունը, և առանց նախապատրաստելու՝ հրամցնում սպասված հանգիստը։ Մոռանալով մի բան՝ ցանկացած իրավիճակ, լինի դա դրական թե բացասական, եթե միանգամից է իրականանում և կարճ ժամանակահատվածում, ապա բերում է բնականոն մեխանիզմի խաթարման։ Եվ մենք, չհասցնելով հարմարվել մի վիճակի, որին այդքան սպասում էինք, պարտականություններից ելնելով՝ վերադառնում ենք հին ռիթմին՝ օրգանիզմը թողնելով անորոշ վիճակի մեջ։
Այնուամենայնիվ, փորձեմ մի քանի խորհուրդ նշել, որոնք հնարավոր կդարձնեն նման իրավիճակներն ավելի հարթ և ներդաշնակ հաղթահարել.
- Ինքներդ ձեզ համար հստակեցրեք, թե ինչ եք ամենաշատը ցանկանում անել, և ինչ կտա այն ձեզ։
- Առանձնացրեք առաջնայինն ու երկրորդականը։
- Մի մատնեք ձեզ գերծանրաբեռնվածության, փորձեք ամեն բան անել աստիճանաբար և ներքին հանգստությամբ։
- Մի ստեղծեք ներքին շտապողականություն. այն արհեստականորեն լարվածություն է առաջացնում։
- Փորձեք պահպանել լավ տրամադրությունը և, միանշանակ, մի կատարեք այն, ինչ ստիպողաբար կամ չցանկանալով եք կատարելու։ Յուրաքանչյուրս ունենք ընտրելու իրավունք, և դա միայն մեր իրավունքն է։
- Փորձեք լինել ներդաշնակ ինքներդ ձեզ հետ, և դա կբերի խելամիտ որոշումների և կհանգեցնի լիարժեքության։
Փորձեք տոներն ընդունել՝ որպես տոն, այլ ոչ թե՝ պարտականություն։ Ավելի շատ խրախուսեք ինքներդ ձեզ, ուրախությամբ լցվեք, փոքրիկ նվերներ կատարեք թե մտերիմներին, թե ինքներդ ձեզ, քանի որ տոնը բոլորինն է, իսկ այն վայելելու և դրանում երջանկության հատիկը գտնելու հնարավորությունը` յուրաքանչյուրինս։
Կամիլա Խաչատրյան