«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան հրատարակչական գործունեության տարվա ամփոփմանը, ձեռքբերումներին և խնդիրներին:
Թեև Հայաստանում գրքի նկատմամբ հետաքրքությունն աճել է, սակայն, ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այն դեռևս հեռու է ցանկալի արդյունքներից: Գրքի փառատոնը, հայաստանյան դպրոցական ընթերցման օլիմպիադան, «Հայ գիրք» ասոցիացիայի վերահիմնումը, մանկական գրքերի նոր անունների տպագրությունը, ինչպես նաև բիզնես ոլորտը ներկայացնող գրականության տպագրությունը, ըստ բանախոսի՝ կարելի է համարել տարվա ձեռքբերումները:
Անցնող տարում «Անտարես» հրատարակչությունն արդեն վեցերորդ անգամ անցկացրել է հայաստանյան դպրոցական ընթերցման օլիմպիադա. «Սա միտված է դեռահասների շրջանում խթանելու ընթերցանության մակարդակը, որը, սակայն, այս տարի պատճաշ գնահատանքի չարժանացավ՝ ֆինանսավորում չստացավ»:
Արդեն նոր տարում «Անտարես» հրատարակչությունը պատրաստվում է տպագրության հանձնել մոտ տասը անուն գիրք, այդ թվում՝ նաև Տարոն Աճեմօղլուի՝ «Ինչո՞ւ են ձախողում պետությունները» գրքի հրատարակությունը, որը, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի փետրվար ամսին:
Անդրադառնալով մանկական գրքերին, հրատարակչության տնօրենն առանձնացրեց «100 հեքիաթ» շարքից ժամանակակից դիզայնով մանկական գրքերը, որոնք հիանալիորեն կարող են լուծել՝ ի՞նչ ընթերցել արձակուրդին խնդիրը: Հրատարակչության նորարար մոտեցումներից էր նաև «Թատրոն» գիրքը, որն իրենից ներկայացնում է առակ-ներկայացում:
Անցնող տարվա ընթացքում հրատարակչությանը հաջողվել է լուծել նաև Հայաստանում Մարկեսի հրատարակման օրինականացման խնդիրը, արտաքին գովազդային վահանակների վրա գիրքը հայտնվել է՝ որպես գովազդվող ապրանք.
«Այդ վահանակների վրա էին հայտնվել նաև Խանջյանի գրքերը, որոնք քննարկելու փոխարեն՝ հասարակությունը, չգիտես ինչու, սկսեց քննարկել վահանակի վրա պատկերված հեղինակի լուսանկարի դոշի մազերը՝ ի՞նչ որակ, հաստություն կամ խտություն ունեն դրանք: Ինչևէ, կարևորն այն է, որ խոսում են, թե ի՞նչ կխոսեն՝ արդեն կարևոր չէ:
Ի դեպ, Հայաստանում գրքի գովազդ երբեք չի արվել, այսինքն՝ այդպիսի ծախս չի արվել, ընդ որում, գրքի գովազդն արվում է մի քանի անգամ թանկ, քան գրքի տպագրությունն է: Այստեղ հասարակության և լրատվամիջոցների օգնության կարիքը կա»:
Անդրադառնալով հարկվող գրահրատարակչության խնդիրներին՝ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց. «Մենք այս տարի հանդիպեցինք վարչապետի հետ, նրան տեղեկացրինք ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին: Ես շարունակում եմ պնդել՝ գրքի առջև պետք է բացվեն հարկային դռները, սակայն տարվա ընթացքում ոչ միայն լուծում չտրվեց այս խնդրին, այլև նույնիսկ գրադարանների բարելավում չկատարվեց, շատ համայնքային գրադարաններ փակվել են, դրանցից շատերի առջև խոտ է աճում, որովհետև այնտեղ ոչ ոք չի մտնում, այնինչ գրադարանները պետք է վերածվեն մեդիա-կենտրոնների: Մենք գյուղական բնակավայրերում անհրաժեշտ գրքերի հրատարակության մոդել ենք կազմել, որոնք կօգնեն գյուղացուն, կդառնան նրա ընկերը՝ ինչպե՞ս կուլ չգնալ բանկերին, ծանոթացնել բույսեր աճեցնելու պայմաններին, և այլն»:
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձ կատարեց նաև ցավալի խնդրի. «Հայաստանում սկսում են նվազել գրքերի տպագրման ծավալները, փոխարենը՝ դրանք տպագրվում են Թուրքիայում և Չինաստանում: ԵԱՏՄ-ի անդամակցության հետ ավելացան նաև մաքսատուրքերը, տպանյութը մոտ 30-35 տոկոսով թանկացավ, 25-30 տոկոս էլ այստեղ տրանսպորտն է թանկ, այսինքն՝ մոտ 70 տոկոսով հումքը թանկանում է Հայաստանի տպարանների համար, իսկ եթե Թուրքիայում ես տպում և բերում Հայաստան, հարկը կազմում է զրո տոկոս: Հետևաբար՝ պետությունը պետք է հասկանա, որ գիրք տպողի համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի, որ նա այլ երկրի տնտեսության մեջ ներդրում անելու փոխարեն՝ դրանք ներդնի այստեղ՝ մեր երկրում: Այս խնդիրը կա, որի մասին կառավարությունում լավ տեղյակ են, բայց, չգիտես ինչու, ոչինչ չեն անում»:
Նվարդ Մանվելյան