ԵՊԲՀ Հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ երկարատև արձակուրդից հետո, հետտոնական սթրեսից խուսափելու համար, պետք է նախապես մի քանի օր առաջ աստիճանաբար նախապատրաստվել աշխատանքային օրվան։
«Արձակուրդի ժամանակ մեր օրգանիզմը հետ է վարժվում, բայց աշխատանքի վերադառնալը պետք չէ դիտարկել՝ որպես պատիժ։ Եթե մարդը հաճույքով չի վերադառնում իր աշխատանքին, ապա նա պետք է վերանայի իր ընտրած աշխատանքը, կյանքը։ Եթե աշխատանքից հաճույք չես ստանում, կյանքիդ կեսն անցկացնում ես սթրեսի և բացասական ապրումների մեջ։ Ընդհանրապես, խորհուրդ է տրվում 7 օր աշխատել, հետո որոշել հետագա քայլերի մասին»,- ասաց հոգեբանը։
Ըստ Գասպարյանի՝ սթրեսը հարմարվելու համախտանիշն է, այն հոգեբանության մեջ բաժանվում է երկու մասի՝ դրական և բացասական. «Սթրեսը մեր կյանքի անբաժան մասն է, եթե մարդը սթրես չունի, ապա նա չի ապրում։ Սթրեսի հետևանքները դրսևորվում են մի քանի ոլորտներում՝ հուզական, իմացական, վարքային, հոգևոր արժեքների, և այլն»։
Հետտոնական սթրեսը հաղթահարելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս աշխատանքի անցնելուց հետո յուրաքանչյուր 45 րոպեն մեկ կարճ ընդմիջումներ ունենալ, կարգավորել քնի ռեժիմը.
«Տոնական օրերին մարդը ռեժիմից դուրս է. քնում ու արթնանում է՝ երբ ցանկանում է, քունը պետք է կարգավորել, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան: Պետք է նորից վերագնահատեք աշխատանքային գործունեության մեջ ձեր կարևորությունը»։
Հոգեբանի համոզմամբ՝ առողջ սնվելու, քունը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է ավելի քիչ սթրեսի ենթարկվել։
Նա խորհուրդ է տալիս գործատուներին՝ այս օրերին ավելի նրբանկատ լինել աշխատակիցների նկատմամբ. «Մարդկանց մոտ այս օրերին նաև ֆինանսական առումով են նոր խնդիրներ ծագում: Գործատուները պետք է փորձեն հաշվի առնել, որ երկարատև ընդմիջումից հետո աշխատանքի գնալը ժամանակ է պահանջում հարմարվողական մեխանիզմները գործի դնելու համար»:
Ինչ վերաբերում է 2019թ. տոնական արձակուրդների կրճատմանը, հոգեբանը նշեց, որ դա որոշ չափով կկանոնակարգի իրավիճակը. «Սակայն արձակուրդի երկարությունը պայման չէ լավ հանգստանալու համար։ Դուք կարող եք այսօր մեկ օր լավ քնել և ունենալ բավականաչափ էներգիա՝ շարունակելու կյանքի բնականոն ռիթմը»։
Ըստ նրա՝ հետարձակուրդային համախտանիշի մասին խոսվում է ոչ միայն տոնական, այլ նաև ամառային արձակուրդներին, քանի որ արձակուրդից առաջ մարդիկ գերագնահատում են իրենց սպասելիքները։
«Մարդիկ նոր տարին ուզում են նոր կյանքով սկսել, բայց դա կարելի է սկսել տարվա մեջ ցանկացած պահի։ Նոր կյանքը սկսվում է միայն այն ժամանակ, երբ դուք հոգեբանորեն պատրաստ եք լինում դրան։ Եթե դուք որոշել եք նոր տարին սկսել առանց ծխելու, առանց խմելու, կամ առանց այլ վատ սովորությունների, դա ձևական է։ Մեր սպասելիքները տոներից շատ են, և հետո մենք փաստի առաջ ենք կանգնում»,- եզրափակեց հոգեբանը։
Ռազմիկ Մարտիրոսյան