Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Սուպեր մամա 2» ֆիլմի գողությունը դատապարտելի է, ու սրանում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բացարձակ նշանակություն չունի, թե ինչպես եք դուք վերաբերվում ֆիլմին, Հայկ Մարությանին ու, առհասարակ, հայկական նոր ֆիլմերին, որովհետև նշված գործողությունը կոնկրետ իրավախախտում էր ու քրեորեն պատժելի արարք։
Ասեմ նաև, որ խիստ թերահավատորեն եմ վերաբերվում այն խոսակցություններին, որ իբր հենց Մարությանն է կազմակերպել սա։ Այն փաստը, որ տեսահենների մոտ հայտնվել է ֆիլմի օրիգինալ տարբերակը՝ բարձր որակով, վկայում է այն մասին, որ արտահոսքի սկզբնաղբյուրը կա՛մ կինոթատրոններից է եղել, կա՛մ էլ ֆիլմի արտադրության հետ կապ ունեցող շրջանակներից, բայց եթե կա այս երկրում մեկը, ում հաստատ դա ձեռք չէր տալիս, ապա դա Հայկ Մարությանն է։ Ինքն իր գրպանին հո չէ՞ր խփելու, իսկ սա լուրջ հարված էր գրպանին, որովհետև վստահաբար Հայաստանի պատմության մեջ մասսայական ամենամեծ հաջողություն ունեցած ֆիլմը դեռ երկար եկամտաբեր կլիներ, եթե Հայաստանում հարգեին հեղինակային սեփականության իրավունքն ու ուրիշի սեփականության անձեռնմխելիության սկզբունքը։
Կան դեմագոգներ, որոնք սկսում են «Բա քո Windows-ը պիռատսկի չի՞», «Բա դու պիռատսկի կինոներ չե՞ս նայում» և համանման այլ «փաստարկներ» շաղ տալ։ Բացատրեմ․ սա շատ նման է նրան, երբ Ֆրանսիայում ահաբեկչությունից հետո մարդիկ դրոշներ են դնում իրենց պրոֆիլի նկարներում, իսկ երբ Նիգերիայում ավելի խոշոր սպանդ է լինում, վեջները չի լինում։ Ողջ հարցը նույնականացման մեջ է։ Հայերն իրենց նույնականացնում են ֆրանսիացիքի հետ, դրա համար ավելի սրտացավ ու մարդասիրաբար են տրամադրված, քան նիգերիացիքի հարցում, ում հետ նույնականացումը մի քանի սանդղակով ավելի ցածր է։ Նույն սկզբունքն էլ Հայկ Մարությանի պարագայում է․ «Մեր Հայկոյին վնաս են պատճառել»-ը շատ ավելի հնչեղ արձագանք է գտնում հայ սպառողի սրտում, քան «էն Բիլլ Գեյթսի ապրանքը լևի օգտագործում են»-ը, չնայած որ երկուսն էլ նույն արատավոր երևույթն են։
Մի խոսքով, եթե ուզում ենք ունենալ հայկական լավ կինո ու ավելի լավ պետություն, ապա պարզապես չենք կարող չդատապարտել ու պարսավել պիռատությունը, և «Սուպեր մամա 2»-ի գողությունը բացառություն չէ։ Գողությունն էլ ՄԻՇՏ վատ բան է ու ՄԻՇՏ դատապարտելի>։