Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետության ու պետականության մեջ սիմվոլիզմը մեծ դեր ունի։ Պետության ու պետականության համար կարևոր դերակատարություն ունեցող այրերը չեն կարող ու չպետք է զերծ մնան այդպիսի սիմվոլիզմի դրսևորումներից։
Հիմա եկեք արձանագրենք մի պարզ իրողություն․ բացարձակ էական չէ, որ դուք աթեիստ եք կամ էլ ագնոստիկ կամ էլ հեթանոս, ինչպես էական չէ այն փաստը, որ իրենց քրիստոնյա համարող ժողովրդի մեծամասնությունը միայն դեկլարատիվ է քրիստոնյա, իսկ գործնականում այնքան հեռու է քրիստոնեությունից, որքան խոզը՝ տուռնիկից։
Էական փաստերից մեկն այն է, որ մեծամասնությունն իրեն ինքնանույնականացնում է քրիստոնեության ու Հայ առաքելական եկեղեցու հետ։ Մյուս էական փաստն էլ այն է, որ պետությունը, պետական ինստիտուտներն ու այրերը չեն կարող արհամարհել մեծամասնության ինքնանույնականացումը։
Ելնելով վերոնշյալից՝ ամփոփեմ․ ղալաթ են անում Վիգեն Սարգսյանին խաչի քավոր լինելու համար ծաղրողները։ Ղալաթ են անում Սեյրան Օհանյանին խաչի քավոր լինելու համար ծաղրողները։ Իրենց պաշտոնական գործունեության ընթացքում արածների ու չարածների համար կարելի է ու պետք է քննադատել, եթե կարող եք հիմնավորել քննադատությունը փաստերով, բայց կոնկրետ այդ դրվագի մեջ քննադատելու բան չկա, որովհետև որպես պետական կարևորագույն ինստիտուտի ղեկավարներ, որպես ակնառու դիրք զբաղեցնող պետական այրեր՝ նրանք կարող են ու պետք է գնային այս սիմվոլիզմին։
Ու եթե դուք այնքան բութ ու անտակտ եք, որ դա չեք հասկանում, դա ոչ մեծամասնության՝ իսկական ու առերևույթ քրիստոնյաների խնդիրն է, ոչ էլ նշված անձանց խնդիրն է։ Դա ձեր խնդիրն է՝ անկախ նրանից՝ աթեիստ եք, թե պաստաֆարիանական ուսմունքի հետևորդ։ Խնդիր է, որովհետև չունեք տարրական տակտ (մարդկանց կրոնական զգացմունքները հարգելու հարցում) ու ռացիոնալ մտածողություն (ռադիկալ մարգինալ չդառնալու հարցում)»։