Ինչո՞ւ բենզինը թանկացավ
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ բենզինը թանկացավ

Հունվարի 1-ից վառելիքի շուկայում նկատվող գնային բարձրացումների հետ կապված ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը՝ պարզելու, թե որքանով են տեղի ունեցած գնային փոփոխությունները համահունչ հարկային դրույքաչափերի փոփոխություններին: Տարվա առաջին իսկ աշխատանքային օրը ամփոփվել են դեռևս նախորդ տարեվերջից հավաքագրված տվյալները:

«Մենք բոլորս գիտենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային նոր օրենսգիրքը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ գործող հարկային կարգավորումների դաշտում: Կատարված փոփոխությունները վերաբերում են նաև որոշ ապրանքատեսակների գծով հարկային դրույքաչափերին: Այդ ապրանքների շարքում առավել կարևոր և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից են նաև բենզինը, դիզելային վառելիքը և բնական սեղմված գազը: Հաշվի առնելով, որ հարկային դրույքաչափերի փոփոխությունները ուղղակիորեն ազդում են նաև վաճառքի գների վրա, ինչպես նաև այն հանգամանքը, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, հանձնաժողովը մանրամասն հաշվարկներ է կատարել այդ ապրանքատեսակների գնային փոփոխությունների ուղղությամբ:

Առաջին հերթին ուզում ենք անդրադառնալ այս օրերին հնչող այն տեսակետներին, որ ի տարբերություն բենզինի և գազի, դիզելային վառելիքը չպետք է թանկանար, քանի որ այդ մասով տեղի է ունեցել ոչ թե ակցիզային հարկի բարձրացում, այլ՝ նվազում: Ի պատասխան այդ տեսակետների, նշենք, որ մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35000 դրամ: Արդեն ընթացիկ տարվա հունվարից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմելու է 13 000 դրամ, այսինքն այս մասով տեղի է ունեցել նվազում, սակայն, միաժամանակ դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումը և իրացումը այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել: Հաշվի առնելով, որ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաև դիզելային վառելիքի մաքսային արժեքից և իրացման գներից, ուստի հիմնվելով այս ցուցանիշների վրա, հաշվարկները ցույց են տալիս, որ չնայած մաքսային սահմանին ակցիզային հարկի նվազեցում է տեղի ունեցել, որը կազմել է 1 լիտրի հաշվով 14 դրամ, սակայն իրացման փուլում ԱԱՀ-ով հարկումը ավելացրել է հարկային բեռը: Ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման և իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով:

Ինչ վերաբերում է բենզինի գնագոյացմանը, ապա այս մասով տեղեկացնենք, որ 2018 թվականի հունվարից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով 15 000 դրամով: Եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 000 դրամ, ապա ներկայումս այն կազմում է 40 000 դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 000 դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 135 000 դրամ: Քանի որ բենզինի ներմուծման և իրացման համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի մեծությունների հաշվարկները կապված են մաքսային արժեքի և իրացման գների հետ, ուստի այդ տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ օրենսդրության փոփոխության հետևանքով ակցիզային հարկի մեծությունը 1 լիտր բենզինի հաշվարկով ավելացել է 10, իսկ ԱԱՀ-ի մեծությունը՝ 8-9 դրամով:

Սեղմված բնական գազի հարկման դրույքաչափերի փոփոխության համաձայն, 2018 թվականի հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը կազմում է 1000 խ.մ-ի համար 25 000 դրամ: Նախկինում այն կազմում էր 8330 դրամ: Այսինքն, 2018 թվականի հունվարից 1000 խ.մ սեղմված բնական գազի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 670 դրամով: Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն, որը կազմում է շուրջ 3300 դրամ 1000 խ.մ գազի համար, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 000 դրամ 1000 խ.մ-ի համար:

Այսպիսով այս պահին կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով», – հայտնում են ՏՄՊՊՀ-ից:

finagent.am