«Սուպեր մամա 2» կատակերգության գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանը ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված եւ համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթացքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ եւ օգնություն առաջարկում:
Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաեւ մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին: Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում եւ սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, եւ ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:
Հ.Գ. Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես եւ բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի, քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը իսպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»: