Մրսածությունը դեռ բավարար չէ իշխանափոխության համար
Advertisement 1000 x 90

Մրսածությունը դեռ բավարար չէ իշխանափոխության համար

Երեկ լուրեր տարածվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը մրսածության պատճառով չի մասնակցել Ջրօրհնեքի արարողությանը ու չի գտնվել երկրում։ Ըստ այդ լուրերի՝ նախագահը եղել է Մոսկվայում, որից հետո մեկնել է եվրոպական երկիր, իսկ թե որը, չի նշվում։ Երևի թե դա այդքան էլ կարևոր չէր, այլ կարևոր էր այն, որ այդ երկիրը գտնվում էր Եվրոպայում։ Սրա տակ, իհարկե, քաղաքական աստառ կար՝ փորձ անելով ապրիլ ամսին Հայաստանում քաղաքական նոր համակարգի անցումն ու նոր իշխանության ձևավորվումը կապել երկու բևեռների հետ։

Սակայն հետո՝ օրվա երկրորդ կեսին, նախագահականից պաշտոնական հայտարարություն տարածվեց, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը թեթև մրսածության պատճառով պարզապես եղել է տանը։ Հայաստանում դավադրապաշտների մի խումբ, որոնք քիչ չեն, այս ամենը կապում է նրա վերջին հարցազրույցի հետ, որտեղ Սարգսյանը հարցին, թե պատրաստվո՞ւմ է դառնալ վարչապետ կամ ոչ, հայտարարել էր, որ դա կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում՝ նաև անձնական։

Գուցե նա հենց առողջական խնդիրները նկատի ուներ՝ սարսափած կամ ոգևորված մտածում են դավադրապաշտները։ Իսկ միգուցե Սարգսյանն իր նահանջն է նախապատրաստում, գուցե իսկապես հոգնել է, ու առողջությունը տեղի է տալիս։ Մի խոսքով՝ մտայնությունների ու եզրակացությունների պակաս չէր զգացվում։

Նրանց չէր էլ հուզում այն հանգամանքը, որ արդեն երեկ նախագահն ընդունել է ֆինանսների նախարարին ու խորհրդակցություն էր անցկացնում իր կաբինետում։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին կարելի է շատ բանում մեղադրել, բայց ոչ դասալքության, այսինքն՝ անկախ իրադրությունից՝ նա իր վրա պատասխանատվություն վերցնելու ունակ մարդ է, հասկանում է, որ այս պարագայում հիվանդանալը կամ այլ պատրվակով դժվարին իրավիճակից դուրս գալը, ժողովրդական լեզվով ասած, «նրա հագով» չեն, առնվազն մինչև ապրիլ ամիս, երբ որոշակիորեն կհստակեցվի քաղաքական օրակարգն ու վերաբաշխումը պաշտոնների։

Սա նշանակում է, որ առնվազն մեկ տարի Սերժ Սարգսյանը դեռևս անհայտ կարգավիճակով կմասնակցի երկրի կառավարմանը, որից հետո արդեն պատկերը որոշակի կդառնա։ Այնպես որ, միայն մրսածության պատճառով Սարգսյանը հաստատ հրաժարական չի տա, չի տա նույնիսկ այն դեպքում, եթե լուրջ առողջական խնդիրներ իսկապես ունենա։ Այնպես որ, միայն մրսածությամբ իշխանության փոփոխություն կամ հեռացում տեղի չի ունենա։

Գրիգոր Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր