Լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ Նոր տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը «եվրոպաներում» ու «մոսկվաներում» է եղել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
«Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե ՀՀ նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Սուրբծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելուն և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին հրապարակումներին, խոսնակը ևս մեկ անգամ ասել է, որ Սերժ Սարգսյանը թեթև մրսած է, և այդ ընթացքում նա եղել է տանը։
Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառում, որ ՀՀ նախագահը հունվարի 1-2-ին եղել է եվրոպական երկրներից մեկում, հունվարի 3-ին` Մոսկվայում, և այդ պատճառով ներկա չի եղել տոնական պատարագին։