Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտից ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ «Սասնա ծռեր» խմբի համախոհներն ու աջակիցները հայտարարեցին, որ շարժվում են դեպի ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վաչություն:
aysor.am-ի փոխանցմամբ՝ նրանք ԱՆ ՔԿՎ-ի պահանջում են պատշաճ բուժօգնություն ցուցաբերել դեկտեմբերի 18-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին ու կատարել նրա պահանջը՝ տեղափոխել նորմալ պայմաններով քրեակատարողական հիմնարկ:
«Քրեակատարողական հիմնարկներում վաղաժամկետ ազատումը մեծ բիզնես է և ոչ մի համաներում պատահական չէ»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա նշեց` նախկինում ճանաչել է Քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայիս պետ Արթուր Օսիկյանին և նա «չափազանց նորմալ երիտասարդ էր»:
«Բայց հիմա դարձել է պոտենցիալ մարդասպան: Եթե հաշվենք նաև «հաց բերող» Արթուր Սարգսյանի դեպքը, արդեն մարդասպան է: Այն, ինչ կատարվում է հիմա, իրենք հաշվարկել են. Եթե «հաց բերողի» մահվան դեպքում ժողովուրդը չընդվզեց, ապա այժմ, երբ Բիլյանի կյանքին է վտանգ սպառնում, ոչինչ չի լինի: Իրենք հաշվել են ժողովրդի ատամները»,- հայտարարեց Մակեյանը՝ նկատելով, որ այս պարագայում ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: