Իրավապահները հարվածներ են հասցնում միմյանց. Ճվճվի որդիները պայթեցրին իրավիճակը. lragir.am
Advertisement 1000 x 90

Իրավապահները հարվածներ են հասցնում միմյանց. Ճվճվի որդիները պայթեցրին իրավիճակը. lragir.am

«Ճվճվ» մականունով Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ  ողբերգական ավտովթարի դեպքը, որի հետեւանքով զոհվեցին ճանապարհային ոստիկանության երկու ծառայող, արդեն դուրս է եկել զուտ քրեական գործի շրջանակից եւ պատճառ դարձել իրավապահների բացահայտ «փոխհրաձգության»։ Երկար ժամանակ խնամքով թաքցվող հակասությունները ջրի երես են ելել ոչ միայն հանրային մեծ հնչեղության, բազմաթիվ քրեական դեպքերի անպատժելիության բացահայտման, այլեւ իշխանության առաջիկա ձեւավորման խորքային գործընթացների հետեւանքով: Իրավապահների միջեւ հակասությունները նպաստում են պետության մեջ ուժերի հավասարակշռությանը, իրավապահների փոխադարձ վերահսկելիությանը եւ այդպիսով քաղաքացիական կարգի պահպանմանը:

Սակայն Հայաստանում այլ իրավիճակ է, քանի որ իրավապահները պաշտպանում են ոչ թե սահմանադրական կարգը, գործում են ոչ թե սահմանադրության ու օրենքների շրջանակում, այլ ապահովում են իշխող համակարգի դիրքերն ու անձեռնմխելիությունը: Սա լիովին այլասերում է իրավապահների միջեւ հակասությունների «բնականությունը», որոնք խուլ պայքար են մղում համակարգային իրողություններում սեփական նշանակությունն ու դիրքերը, ֆինանսական հոսքերն ապահովելու համար: Այդ նպատակով նրանք օգտագործում են հանրային տարբեր շերտերի, քրեական սեգմենտի ու ԶԼՄ-ների խողովակները տեղեկատվության արտահոսքերի, տրամադրությունների ձեւավորման համար: Հունվարի 8-ի ողբերգական վթարը լիովին բացահայտեց այս իրավիճակը: Հայտնի դարձավ, որ մինչ այդ Ճվճվի որդիներն «անցնում» էին տարբեր քրեական գործերով, սակայն դրանք գտնվում էին «օդում կախված» վիճակում:

Եղան տեսակետներ, որ եթե այդ գործերը պատշաճ քննվեին, հունվարի 8-ի ողբերգությունը տեղի չէր ունենա: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը դեպքից անմիջապես հետո «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ «ոստիկանությունը մշտապես այդ  վիժվածքներին պատժել է», իսկ մյուս կառույցների մասով նման պնդումներ չէր հնչեցրել։ Հունան Պողոսյանի խոսքը քննարկումների տեղիք տվեց, թե խնդիրը պետք է փնտրել իրավապահ այլ կառույցներում, որտեղ կայացրել են նրանց ազատ արձակելու որոշումը։ Իրենց հերթին, ԶԼՄ-ները գրեցին, որ Ճվճվի որդիներին հովանավորել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ում պաշտոնավարման ժամկետն, ի դեպ, Սերժ Սարգսյանը երկարացրել է եւս մեկ տարով:

Եվ ահա, ի պատասխան հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն, որում բաց տեքստով ոստիկանությանը մեղադրում է Ճվճվի որդիներին բերման չենթարկելու եւ նախաքննությանը փաստացի խոչընդոտելու համար: Իրավապահ մարմիններ իր տարեվերջի այցերի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսում էր նրանց ներդաշնակ համագործակցության, միմյանց դեմ չաշխատելու անհրաժեշտության մասին: Երեւում է իրավապահ ոլորտում երեւույթները խորացել են այն աստիճան, որ սպառնում են արդեն իշխող համակարգի կայունությանը:

lragir.am