Ամերիկաբնակ երգիչ Հրանտոն, ում երաժշտական դեբյուտը տեղի ունեցավ ամռանը՝ «Վերջին զանգ» ստեղծագործությամբ, օրերս պատրաստվում է մրցույթ հայտարարել տվյալ երգի երկրպագուների համար: Այս երգի տեսահոլովակը կարճ ժամանակում շատ սիրվեց ու մեծ տարածում գտավ, ինչն էլ նման մտահղացման պատճառ դարձավ:
«Տեսահոլովակի պրեմիերայից հետո նույնիսկ սկսեցին երգը վաճառել՝ առանց իմ և հեղինակի թույլտվության: Շրջանավարտները ցանկանում էին ձեռք բերել երգի մինուս տարբերակը, որպեսզի երգեն դպրոցական վերջին միջոցառմանը: Բացի նրանից, որ հասանելի կլինեն կարաոկե և մինուս տարբերակները, ես ու իմ թիմը որոշել ենք նաև հետաքրքիր մրցույթ կազմակերպել, որի ընթացքում ցանկացողները պետք է «Վերջին զանգ» երգի քովեր տարբերակը ներկայացնեն՝ տեսանյութի տեսքով ուղարկելով իմ պաշտոնական էջին: Դե, իսկ հաղթողին մեծ անակնկալ կսպասվի»,- մանրամասնեց Հրանտոն:
Թեև շոու-բիզնեսի բնագավառում Հրանտոն դեռևս «նորաբնակ է», սակայն ընկերների պակաս այս ոլորտում չունի:
«Լիլիթ Հովհաննիսյանն իմ մանկությանն ընկերն է, բարեկամացել եմ նաև Շպռօտի, Սոնա Շահգելդյանի, Մերի Մակարյանի, Վրույր Թադևոսյանի և այլ հայտնի ու սիրված մարդկանց հետ: Ուրախ եմ, որ Երևանում ինձ սպասող շատ ընկերներ ունեմ: Առաջիկայում Շպռօտի հետ դուետ կունենանք, բայց դեռ ավելին չեմ կարող ասել»,- նշեց նա:
«Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ կրկին գալու իմ հարազատ երկիր: Այդտեղ նաև հարազատներ, բարեկամներ ու ընկերներ ունեմ: Սիրածս վայրերն էլ շատ են, բայց կառանձնացնեմ Կենտրոնում գտնվող տատիկիս ու պապիկիս տունը, քանի որ տեսարժան բոլոր վայրերը հարևանությամբ են՝ Օպերա, Կասկադ, Հյուսիսային պողոտա, Կարապի լիճ: Եվ որ ամենակարևորն է՝ իմ ամենասիրելի վայրերը ՝ Կենտրոնի սրճարանները, որտեղից ինձ «զոռով» էին դուրս բերում»,- ասել է Հրանտոն:
Ամբողջությամբ՝ aysor.am