Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջում նշել է, որ մտադիր է փոխել օգտատերերի լրահոսում առաջնային գրառումների ընտրության սկզբունքը՝ սահմանափակելով ընկերությունների հաղորդագրությունների, լուրերի եւ տեսանյութերի թիվը: Այսպիսով Facebook-ի թիմը մտադիր է ցանցը օգտատերերի անձնական շփումներին ավելի տրամադրող դարձնել, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ցուկերբերգի պարզաբանմամբ՝ ավելի շատ բողոքներ է ստանում, որ կոնտենտը սկսել է լրահոսում ճնշել մտերիմ ընկերների հաղորդագրությունները: «Դժվար չէ հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունեցել: Վերջին մի քանի տարիներին տեսանյութերը եւ այլ հրապարակային կոնտենտները պայթյունավտանգ տեմպով տարածվել են Facebook-ում: Դրա հետեւանքով մեր լրահոսում ավելի շատ են հայտնվում հրապարակային գրառումները, իսկ ընկերների եւ ազգականների գրառումները նվազում են: Սա փոխել է հավասարակշռությունը եւ մեզ հեռացրել առավել կարեւոր բաներից, որոնց համար էր Facebook-ը նախատեսված՝ օգնել մեզ շփում պահպանել»,- պարզաբանել է նա:
Նրա խոսքով՝ սոցցանցի թիմը իրեն պատասխանատու է համարում, որպեսզի Facebоok-ը լինի պարզապես ժամանակ անցկացնելու միջոց, բայց նաեւ նպաստի օգտատերերի «բարեկեցությանը»: Ըստ Ցուկերբերգի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոցցանցերը բարիք են բերում այն դեպքում, երբ օգտագործվում են առանձին մարդկանց միջեւ շփում պահպանելու համար: Տեսանյութեր դիտելը եւ հոդվածներ ընթերցելը չնայած ավելի տեղեկատվական բնույթ ունի, չի օգնում սոցիալական հաղորդակցությանը: Այս պատճառով լրահոսի ձեւավորման կարգը կփոխվի, դրանում ավելի շատ կհայտնվեն ընկերների հաղորդագրությունները:
«Ցանկանում եմ պարզաբանել՝ ես պատրաստ եմ այն բանին, որ այս փոփոխություններից հետո կկրճատվի ժամանակը, որ մարդիկ անցկացնում են Facebook-ում, իսկ փոխազդեցության որոշ միջոցներ կդադարեն տարածված լինել: Սակայն ես նաեւ հույս ունեմ, որ ժամանակը, որը դուք այստեղ կանցկացնեք, ավելի արժեքավոր կդառնա»,- նշել է Ցուկերբերգը:
Facebook-ում գործում է լրահոսի ձեւավորման հատուկ ալգորիթմ, որը սեփական հայեցողությամբ է ընտրում օգտատիրոջ համար ամենակարեւոր հաղորդագրությունները: Ժամանակագրական պատկերումից ցանցը հրաժարվել է 2006 թվականից, չնայած բոլոր հաղորդագրությունների դիտումը հնարավոր է կարգավորումներով: «Մեր նպատակը աշխարհում յուրաքանչյուր մարդու համար միանգամայն անհատական թերթ ստեղծելն է»,- Ցուկերբերգը 2014-ին այսպես էր մեկնաբանել նման մոտեցումը:
Այդուհանդերձ, այս որոշումը բազմիցս հարուցել է օգտատերերի քննադատությունը, որոնք բաց էին թողել իրենց համար կարեւոր հաղորդագրություններն այն պատճառով, որ ալգորիթմն ավտոմատ դրանք հեռացնում էր: