ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին այսօր լրագրողները հիշեցրին, որ 2015 թվականին ակումբներից մեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ, եթե Հայաստանի ազգային հավաքականը 2018թ. չընդգրկվի աշխարհի առաջնության ընտրական փուլում, ինքը հրաժարական է տալու։ Ապա հետաքրքրվեցին՝ մենք 2018-ում ենք, և Հայաստանի հավաքականը չի ընդգրկվել այդ մրցաշարում, պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ։
«Միանգամից բոլորին հիասթափեցնեմ․ այն մարդիկ, որոնք սպասում են իմ հրաժարականին, ասեմ՝ ոչ, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Երբ այդքան ներկայացնում եք՝ այդ ակումբի հետ հանդիպման ժամանակ, նաև պետք է ներկայացնել, թե ինչ պայմաններում է եղել այդ խոսակցությունը։ Լրագրողները սովոր են հպանցիկ ասել ու անցնել, բայց ինչ խոսակցություն է եղել, ուղղակի ընկերական զրույցի ժամանակ եղել է։ Ես ունեմ ծրագրեր, պատրաստվում եմ դրանք կատարել և կատարում եմ շատ լավ ու չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է այս պահին իմ ստեղծածի վրա ինչ-որ մի բան ավելացնել կամ գոնե չքանդել։ Հենց տեսնեմ այդ մարդուն՝ միգուցե ընտրությունների ժամանակն էլ գա, մի տարի է մնացել, թող թեկնածություն առաջադրեն և ընտրվեն։ Առայժմ ես ունեմ հստակ ներկայացրած ծրագիր, որով շարունակում եմ աշխատել։ Եթե այդպիսի մարդիկ կան, որոնք ուզում են դառնալ ֆեդերացիայի նախագահ, թող գան՝ ներկայացնեն ծրագիր և ընտրվեն ու կատարեն իրենց ծրագրերը»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ այդ հանդիպումը եղել է ընկերական, և Հայրապետյանը դա ասել է՝ առանց հետագայում իր խոսքի տերը լինելո՞ւ, նա այսպես պատասխանեց.
«Ովքեր կասկածում են իմ խոսքի տերը լինելու վրա կամ տղամարդկային հատկությունների վրա, ես կխնդրեի նրանք շատ խորը ուսումնասիրեն ինձ և հասկանան՝ ես իմ խոսքի տեր մարդ եմ, թե տղամարդկային ինչ հատկություններ ունեմ։ Երբ ասում եմ՝ տղամարդկային, ուրիշ բանի չվերագրեք, զուտ տղամարդ, որ իր խոսքը պահում է։ Ես երբեք իմ խոսքը չեմ դրժել, իմ խոսքի տերն եմ եղել, և նորից եմ կրկնում՝ ընկերական խոսակցությունները չպետք է դարձնել մատի փաթաթան»։
Հայրապետյանը հավելեց, որ միայն իրեն է տեսնում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Ռազմիկ Մարտիրոսյան