Ավետիսյանների դուստրը աղջիկ է ունենալու, Հասմիկն է ծնվելու. 3 տարի անց. armtimes.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ավետիսյանների դուստրը աղջիկ է ունենալու, Հասմիկն է ծնվելու. 3 տարի անց. armtimes.com

Լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 3-րդ տարին: 3 տարի առաջ այս օրը Գյումրին ցնցվեց ահասարսուռ լուրից: Առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերվեցին գյումրեցի Ավետիսյանները՝ Հասմիկ, Սերյոժա, Աիդա, Արաքսյա, Արմեն Ավետիսյաններն ու Արաքսիայի և Արմենի մանկահասակ երեխաներից 2-ամյա Հասմիկը: Երկրորդ երեխան՝ 6 ամսական Սերյոժան սվին դանակով ստացած մարմնական ծանր վիրավորումներով նախ տեղափոխվել էր Գյումրու  Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետ Երևանի  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել: Հարուցված քրեական գործի համաձայն, ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց:

Ընտանիքի սպանությունից 3 տարի անց, սակայն, Ավետիսյանների հարազատները պնդում են, որ Պերմյակովը ոճիրը մենակ չի իրականացրել: «Ինքը չէր կրնա մենակ էդ ամեն ինչը էներ, կհասկնա՞ք, չէր կրնա, հնարավոր բան չէր: Ինքը որ հսկա էլ էղնիր, կամ ինչ-որ գերբնական ուժ էլ ունենար, չէր կրնա 5 մեծ մարդու ըմպես կրակեր, որ սաղը տեղերի մեջը մնային, անհնար է, մենք մինչև հմի էլ չենք հավատա, որ ինքը մենակ է ստեղ եղել, բայց որ հետներն էղել է, հա, թե չէ լրիվ անմեղ մարդուն չէին մեղադրե»,-ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

ՌԴ-ում բնակվող Ռիտան և Հասմիկի մյուս քույրը՝ Ջուլիետան, ամեն տարի այս օրն են գալիս Հայաստան՝ իրենց քրոջ ընտանիքի հիշատակը հարգելու, խնկարկելու նպատակով: Փակ դուռը բացում, մի կերպ կարողանում են տուն մտնել, և հոգեբանական ճգնաժամը չեն կարողանում հաղթահարել, և քայքայված հատակի վրայով անցնելն է անհնար: Ներսում դատարկություն է, սառը պատեր, 2015-ի Ամանորից մնացած կոնֆետներ, տոնական զարդարանքներ, չորացած ծաղիկներ, դատարկ մանկասայլակ: Ու լուսանկարներ:

«Մենք ստեղ հեչ բան չունինք, մենք կվախենանք ստեղ փողոց դուրս գանք, ահավոր  վիճակի մեջ ենք: Հենց գուկամ Հայաստան, հոգեկանս կխանգարվի, ընձի հա կթվա, թե լիքը մարդիկ կհետևեն ընձի, անընդհատ երազ կտեսնիմ, որ շռամով մեկմ կվազե հետևիցս, ես կխելագարվիմ, որովհետև մինչև հմի չիդենք, թե ընչի սպես եղավ, ինչղ գտավ էդ զինվորը էս տունը, ինչղ հասավ ստեղ,ինչղ դռները բացեց, մտավ»,- հարցնում է սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝  Ջուլիետա Ջալալյանը:

Ավետիսյանների հարազատներն ու իրավահաջորդներն ասում են,  հենց Հայաստանի իշխանությունները կոծկեցին դեպքի իրական  փաստերը: Չցանկացան բացահայտել:

«Իրանք էրեցին, իրանք էլ փակեցին գործը, ու չուզեցին, որ իրականությունը իմացվեր: Հմի մեր հույսը Եվրոպական դատարանն է, տեսնինք ինչ կեղնի: Իրանք իրանց ինչ պետք էր, դատն էրեցին, ով պետք էր, որ գար դատարան, ոչ եկավ, ոչ ներկայացավ: Ամեն ինչ էրեցին, որ իսկական պատասխանատուները երկրից երտային, ինչղ եղավ որ, ուրիշ մեկմ եղնիր աշխարհի որ ծակից եղնի, գտնեին, կբերեին, ուրեմն դժվա՞ր էր Ռուսաստանից էդ գեներալ-մեներալներին գտնել, դատի բերել: Չուզին, ու վերջ: Պերմյակովին էլ գործիք սարքին, էդ հիմարն էլ վրեն վերցրավ, հետո էլ փոշմնավ: Չբացահայտվավ, որովհետև մենք չունինք երկրի ղեկավար, հլը Պուտինի պես եղներ ղեկավարը, նայենք իրա քաղաքի մեջն ըսպես ծածկոցի կեղնի՞ր: Մենք դրդապատճառը ախր գուզենք իմանանք»,-ասաց Ռիտա Պետրոսյանը:

Ավետիսյանների հարազատները  նաև նշեցին, որ տունը քայքայվել, փուլ է գալիս: Հատակը հատկապես քայքայվել է, և մեծ փոսեր են գոյացել: « Քաղաքապետարանը գոնե գումար հատկացնի, հատակը նորոգեն, մենք էդ ֆինանսական միջոցը չունենք, գոնե իրենք մի բան անեն, թե  չէ մյուս տարի որ դուռը գանք բացենք, կտեսնինք պատալոկն էլ բլէ, քանդվել է ըմպես, ինչխոր քրոջս օջախը փակվավ»:

Սպանվածի քույրերը նաև տեղեկացրին, որ մի քանի օրից նոր Հասմիկ է ծնվելու: Աղջիկ երեխա է լույս աշխարհ բերելու Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, ով 2014-ից ամուսնացած է և բնակվում է Երևանում: Լուսինեն այսօր եկել էր Գյումրի, սակայն հայրական տուն մտնել չկարողացավ:  «Բժիշկները մինչև ամսի 15-ն են ըսել, բայց կարող է հենց էսօր էլ երեխեն ծնվի: Ըդքան արգելեցինք, հնար չեղավ, էսօր եկավ ու քթից ուժեղ արնահոսություն սկսվավ, ավտոյից չի էլ կրնա իջնի: Գիտենք որ աղջիկ է, անունն էլ ինքն է որոշել, որ Հասմիկ բդի եղնի: Էս օջախը չի մարի, էլի կծնվին, բայց ընչի սպես եղավ, ով բդի վերջը մեզի ըսե, թե ինչ մեղք ունեին էս մարդիկ, ընչի հենց իրանք»,-հարցնում էր տիկին Ռիտան:

Ի դեպ, այսօր Ավետիսյանների տանը միայն հարազատներն ու լրագրողներն էին: Գերեզմանատանը՝ ևս: Մինչ հարազատների այցը շիրիմներին մեխակներ էին դրված:

Մենք պարզեցինք, Ավետիսյաններին իրենց հարգանքի տուրքն էին մատուցել Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները:

armtimes.com