Անդրադառնանք դասագրքերում առկա մի քանի ծեծված հերոսների, որոնք, չափորոշչային լեզվով ասած, արդի հարափոփոխ դարաշրջանում պետք է դառնան էտալոն կամ գիտակցական շեմի տեսակ սովորողի համար: Բայց արի ու տես… ինչքա˜ն հեռու ենք իրականությունից: Սկսենք Վարդան Մամիկոնյանից: Կասենք` չարչրկված է, բայց…
Այս հերոսին դնելով մեր պատմության հիմքում և նրան վերագրելով հայոց պատմության չապացուցված իրողություններից մեկը՝ սրբազան պատերազմը, սովորողի մեջ ակամայից ներարկում ենք այն գիծը, որ հարկ եղած դեպքում դու պետք գոռաս` հանուն Աստծու, և մեռնես: Այսնինք՝ ի սկզբանե կանխորոշում ենք մեռնող քաղաքացի: Ավելին՝ անգամ եթե հակառակորդը բազմապատիկ է (իրականությունը չենք քննարկում, քննարկում ենք պաշտոնական վարկածը), հարկ չկա դիվանագիտություն բանեցնելու, դու պարզապես մահացիր: Այդպես լավ է:
«Մահ չիմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն»: Կներեք բարբառաբանության համար, բայց կարծում եմ՝ չարժե «կուտ» տալ սովորողին, թե իմանալով մահացիր, մեկ է հավերժ ապրելու ես: Պատանին հասկանում է, որ եթե ֆիզիկապես գոյություն չունեցավ, ինքն էլ չի ապրում: