Հայտնի իրողություն է՝ Հայաստանը «հարուստ» է իր սփյուռքով: Հայեր կան աշխարհիգրեթե բոլոր երկրներում:
Կան հայեր էլ, որոնք, ծնված օրվանից բնակվելով այլ երկրներում, ունենալով, այսպես ասած, ապահով կյանք, նախընտրում են վերադառնալ հայրենիք ևայստեղ հաստատվել ու ծավալել գործունեություն:
Այդ հայերից է arevelk.am-ի զրուցակիցը՝ Ռուդոլֆ Գալստյանը, որ մասնագիտությամբ գրաֆիկ և ինտերիեր դիզայներ է:
Նա նախընտրել է թողնել Փարիզը և վերադառնալ հայրենիք: Ռուդոլֆը հայրենիք է վերադարձել 2007 թվականին: Ռուդոլֆի հետզրուցել ենք Հայաստանվերադառնալու պատճառների, նրա ծավալածգործունեության և այլ հարցերի շուրջ:
– Երկար տարիներ բնակվել եք Փարիզում, որտեղ Ձեզ ավելի խոստումնալից կյանք կարող էր սպասել, այս պարագայում ի՞նչը դրդեց Ձեզ տեղափոխվել Հայաստան:
– Ծնված լինելով Բեյրութում և ապրելով տարբեր երկրներում՝ միշտ բախվել եմ իմ ինքնության բացահայտմանը և մեջս հայկական մշակույթի, արվեստի մասին հետաքրքրություն է եղել: Ես հասկացա, որ հայն իր ինքնությունը պահպանելու համար պետք է ապրի իր հայրենիքում: Պատմությունը տեսնելու, իմանալու, գնահատելու ամենալավ ձևը Հայաստանում ապրելն է:Ի միջի այլոց, իմ գնահատմամբ Հայաստանն ավելի արագ զարգացող երկիր է, քան մի շարք արևելյան երվորպական երկրներ, որտեղ դրական փոփոխություն կարող է լինել տասը տարին մեկ, իսկ Հայաստանում դա նշմարելի է ամեն տարի: Հայաստանի ճարտարապետական նոր տեսքը շատ նման է Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրներին: Օրինակ, Հյուսիսային պողոտան նման է Ստոկհոլմի կենտրոնին, իսկ Աբովյան փողոցն ու կասկադը՝ Փարիզին:
-Երբ Դուք սփյուռքահայ ընկերներով սկսեցիք ուսումնասիրել, թե ինչ կարելի է հիմնելՀայաստանում, ո՞րն էր առաջին մտահաղացումը:
– Երբ որոշեցինք ընկերներով հիմնել Rock bar-ը և Calumet pub-ը (2007, 2009) մենք զգացինք, որ այս բնագավառում Հայաստանը զիջում է եվրոպական երկրներին: Փաբ հասկացություն գրեթե գոյություն չուներ այստեղ, կային սովետական ժամանակների հասկացությամբ բարեր, որոնց գործառույթը չէր համապատասխանում իսկական փաբի ընկերային մթնոլորտի հետ: Բարերը աշխատում էին որոշ նպատակների համար՝ մութ սենյակներով և գաղտնագողի, իսկ փաբը իրականում պետք է բաց լինի բոլորի համար, ովքեր կամենում են լավ ժամանակ անցկացնել ընկերներով, հարազատներով և միևնույն ժամանակ ծանոթանալու նոր մարդկանց հետ: Մեր գործունեության շնորհիվ բազում մարդիկ մեր փաբերի միջոցով ընկերություն են հաստատել և նույնիսկ այդ ծանոթությունների շնորհիվ այլ աշխատանքներ, գործունեություն ծավալել Հայաստանում:
-Ձախողելու, չհաջողելու վախ կա՞ր:
-Մենք հաճախ սփյուռքում լսել ենք, որ Հայաստանում գործ հիմնել հնարավոր չէ. իբրև այստեղ «մաֆիաները» թույլ չեն տա դա: Բացի այդ, նման մի բան կա. հայաստանցիները զարմանքով են նայում, թե ինչպես է սփյուռքահայը հաստատվում հայրենիքում, երբ հայաստանցու համար այստեղ իբր աշխատանք չկա: Մենք մեր աշխատանքով փաստեցինք, որ այդ բոլոր մտավախություններն իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանը զարագացող երկիր է և կարիք ունի նոր գաղափարների, առողջ մարքեթինգի շնորհիվ կարելի է հաջողության հասնել: Իհարկե, յուրաքանչյուր գործ ձեռնարկելիս, գործարարը պետք է հաշվի առնի ձախողման ռիսկերը: Մեզ Փարպեցի փողոցի ամայութոյւնն էր մտահոգում:
Շատերը ասում էին՝ չեք հաջողի, որովհետև բնակելի շենքեր են այդտեղ, մութ է, և չի գրավի փաբ հաճախողների ուշադրությունը: Սակայն մենք հավատալով մեր ներկայացրած նորություններին, ինքնավստահ հիմնեցինք rock bar-ը՝ քաջ գիտակցելով մեր առավելությունների մասին, որոնք էին՝ bar-ի դիզայնը, դեկորացիան, որը կհրապուրեր ռոք երաժշտության սիրահարներին: Բացի այդ, ունեինք կոկտեյլների մեծ տեսականի, որ այլ տեղ անհնարին էր գտնել: Հայաստանում նորություն էր նաև այն, որ գործի սեփականատերը աշխատում էր և հայտնվում էր bar-ի հետևում՝ սպասարկելու հաճախորդներին: Երբ հաջողեցինք այս մտահղացումը, որոշեցինք գործընկերներով հիմնել մեկ այլ փաբ, որը կոչվեց Calument:
Սա արդեն lounge bar էր, որտեղ մարդիկ աշխատանքից հետո կարող էին գալ և chilout երաժշտություն լսել, այս փաբի դիզայնի մեծ մասը ես եմ իրականացրել: Փաբը մինչ օրս էլ ամենահաջողվածն է համարվում Հայաստանում:
-Փաբերը ստեղծելուց հետո, գիտեմ որ հիմնել եք նաև սննդի կետ՝ Factory: Ինչու՞ծագեց այդ մտահաղացումը:
– Հայաստանում հաստատվելուց և ընտանիք կազմելուց հետո որոշեցի միառժամանակ դադար առնել գիշերային աշխատանքից: Եվ գործընկերներով մտածեցինք ստեղծել ամերիկյան ոճի ճաշարան, որտեղ շեշտը դրվում է բուրգերների լայն տեսականու վրա: Մարդիկ առաջին անգամ լինելով Հայաստանում՝ կարողացան համտեսել բուրգերի իսկական միս, որը լոկ կոտլետ չէր: Ցանկում կային պրոֆեսիոնալ բաղադրամասերով սոուսներ, որոնք մենք պատրաստում էինք տեղում: Factory-ին նույնպես ունեցավ հաջողություն, որովհետև դարձավ հարմար տեղ ընկերական և ընտանեկան միջավայրի համար: Մարդիկ վստահում էին մեզ և նշում, որ երեխաների հետ են գալիս, քանի որ մատուցում ենք մաքուր սնունդ: Այս հաջողությունները նպաստեցին, որ հիմնեմ նաև արագ սննդի կետ, որտեղ կարելի կլիներ օգտվել հոթ-դոգի տարբեր տեսակներից՝ տարբեր սոուսներով: Իսկ արագ սննդի կետը կոչվեց Rudy’s hotdog: Այստեղ ևս հաջողություն ունեցա և պատճառն այն էր, որ աշխատում էի մինչև ուշ գիշեր՝ ժամը 04:00-ն, իսկ դրա նպատակն այն էր, որ Փարպեցի փողոցի փաբերից դուրս եկողները այցելեն այդտեղ, ինչը և հաջողվեց:
Այնուհետև Factory-ի գաղափարին ցանկացանք այլ երանգավորում տալ և հիմնեցինք Facotry music club-ը, որտեղ մարդիկ կարող էին կենդանի երաժշտություն լսել: Այդ ակումբն այսօր էլ գործում է, և վերանվանվել է The Venue:
-Հետո տեղափոխվեցիք Մոլդովա, ինչո՞ւ:
– Այո, ընտանեկան խնդիրների պատճառով 2013 թվականին ստիպված եղա հաստատվել Մոլդովայում, որտեղ ճաշարաններ հիմնադրելու խորհրդատու եմ աշխատել և միևնույն ժամանակ կազմակերպել եմ միջազգային ռոք համերգներ: Սակայն Հայաստան վերադառնալու ձգտումը միշտ կար և ունեի այնպիսի զգացում, որ Մոլդովան աննպատակ խլում է իմ ժամանակը: Օտարությունը մտահոգում էր, որքան էլ նյութապես ապահով էի, որոշեցի կրկին վերադառնալ հայրենիք: Օտարության մեջ ապրելը հայի համար ծնում է տևական վախի մթնոլորտ: Քո հողում դու ազատ ես , իսկ այլ երկրներում՝ ոչ:
-Նոր ես վերադարձել, ի՞նչ փոփոխություններ ես նկատում Հայաստանում, որ եղել են բացակայությանդ ընթացքում:
-Նախքան վերադառնալս, ընկերներիս միջոցով իմացել էի, որ ճաշարանային և փաբերի բիզնես ասպարեզը մեծ թռիչքների է հասել, իսկապես դա հստակ տեսանելի է: Մարդիկ հիմա ավելի բաց են մտածելակերպով, ընդունակ են նորությունները ընկալելու և գերակշռող է արևտմյան հագուկապը երիատասարդների մոտ:
-Ի՞նչ պլաններ ունեք այժմ:
– Այժմ գործընկերների հետ հիմնում ենք նոր ճաշարան-փաբ, որը լինելու է իմ նախկին բոլոր հաջողությունների համախմբումը: Այսինք՝ մեծ Bar՝ բուրգերների լայն տեսականի, աշխարհահռչակ ռոք երաժիշտների մեծ պատկերներ, ռոք երաժշտություն: Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ: Հայաստանում էլ հիմնվում է միայն բուսակերների համար նախատեսված ճաշարան, և ես լինելու եմ խորհրդատուն այնտեղ:
-Ի՞նչ կասեք այն սփյուռքահայերին, ովքեր մշտական բնակություն չեն հաստատում Հայաստանում:
-Ես կքաջալերեմ մեր սփյուռքահայերին, որ վերադառնան Հայաստան և իրենց ավանդն ունենան Հայաստանի զարգացման գործում. լինի դա տարածք, բնակարան գնելու, թե բիզնես հիմնելու միջոցով, քանի որ մենք ունենք մեկ հայրենիք և մենք պետք է այն զարգացնենք: Սփյուռքահայությունը պետք է համակերպվի հայաստանյան իրականության հետ բոլոր առումներով և իրենց ձեռք բերած փորձը փոխանցի Հայաստանի նոր սերնդին, որի ապրած երկիրը նախկինում հասկանալի պատճառներով փակ երկիր էր: