Օքսֆորդյան Vaccitech սթարթափը մտադիր է 2019-ի վերջին ավարտել գրիպի դեմ ունիվերսալ պատվաստման փորձարկումները, որը կվերացնի տարեկան 2 անգամ յուրաքանչյուր կոնկրետ շտամի համար նոր պատվաստանյութեր ընտրելու անհրաժեշտությունը:
Vaccitech-ի ղեկավար Թոմ Էվանսը արդեն սկսել է ունիվերսալ պատվաստանյութի փորձարկումները, որի մեկ ներարկումը մարդկանց պետք է իմունիտետ ապահովի գրիպի հիմնական տարատեսակներից մեկի՝ A տիպի հիվանդության բոլոր շտամների դեմ: Իրենց մշակումը միավորելով ԱՀԿ կողմից խորհուրդ տրվող պատվաստանյութերի հետ՝ Էվանսը հույս ունի այս տեսակի գրիպից պաշտպանված մարդկանց թիվը 50 տոկոսով մեծացնել:
Համընդհանուր ընդունվածից Էվանսի մոտեցումը տարբերվում է նրանով, որ նրա պատվաստանյութը գրոհում է ոչ թե վիրուսի մակերևույթին գտնվող սպիտակուցների վրա, որոնք տասնյակ տարատեսակներ ունեն և դժվար են որոշվում, այլ նրանց, որոնք ներսում են և միատեսակ են բոլոր շտամների համար: Փորձարկումների անցկացման համար Vaccitech-ը GV-ից (Google-ի վենչուրային ստորաբաժանում), Sequoia China-ից և Oxford Sciences Innovation-ից 20 մլն ֆունտ սթերլինգ է ներգրավել: Այս գումարը կբավականացնի մինչև 2019-ի վերջը, երբ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի կլինիկական փորձարկումների եզրափակիչ փուլին:
Հիմա պատվաստանյութը մտում է երկամյա փորձարկումների երկրորդ տարվա մեջ, որոնց 2000-ից ավելի մարդ է մասնակցում: Արդյունքներից կախված՝ Էվանսը և նրա գործընկերները հույս ուն ունեն պայմանագիր կնքել գրիպի դեմ պատվաստանյութեր արտադրող ընկերության հետ, հայտնում է Wired UK-ն:
Ներկայումս Vaccitech-ը մշակում է նաև պատվաստանյութ մերձավորարևելյան շնչառական համախտանիշի (MERS) կանխարգելման համար և շագանակագեղձի քաղցկեղի դեմ թերապևտիկ պատվաստանյութեր (նախատեսված է իմունոթերապևտիկ դեղամիջոցների հետ օգտագործելու համար):
Հիշեցնենք, որ նուկլեինաթթվի հիմքով դեղամիջոցը, որը գրոհում է գրիպի վիրուսի գենետիկ բաղադրիչների վրա, անցյալ տարի մշակել են Վաշինգթոն նահանգի համալսարանի մասնագետները: Այն կարող է դառնալ մրսածության դեմ ունիվերսալ պատվաստանյութի հիմքը:
med.news.am