2018 թ. հունվարի 1-ից սկսված, ըստ Հարկային օրենսգրքի, փոփոխվել են աշխատավարձից հաշվարկվող և վճարվող եկամտային հարկի դրույթաչափերը: Դրույքաչափերի փոփոխության, բարձրացման համատեքստում «խոցելի» խավ են համարվում ամբողջությամբ գրանցված (այսպես կոչված սպիտակ դաշտում աշխատող, իսկ իրականում նույն սպիտակ դաշտում աշխատող գործատուների մոտ վարձու աշխատող հանդիսացող), հատկապես ՏՏ և բանկային ոլորտի բարձր վարձատրվող աշխատակիցները:
Ըստ նոր դրույքաչափերի, աշխատավարձի՝ մինչև 150 հազար դրամը կհարկվի 23 %-ով,150 հազար դրամը գերազանցող մասը մինչև 2 միլիոնը՝ 28 %-ով, իսկ 2 միլիոն դրամից ավելին, ինչպես և նախկինում՝ 36 %: Նախկինում եկամտային հարկի սանդղակն այսպիսին էր. 0-ից 120 հազար դրամ, 120 հազար դրամից 2 միլիոն դրամ և 2 և ավելի միլիոն դրամ՝ համապատասխանաբար 24.4 %, 26 % և 36 %: Ինչպիսի բացարձակ ցուցանիշների է հանգեցնելու այս փոփոխությունը որևէ կոնկրետ աշխատակցի որևէ կոնկրետ աշխատավարձի համար:
Այսպես.
Մինչև 120 հազար դրամ հաշվարկային (այսպես ասած՝ կեղտոտ) աշխատավարձ ստացող անձանց կողմից ստացվող առձեռն (կանխիկ) գումարը կլինի 1680 դրամով ավելի, քան նախորդ տարի, իսկ ուղիղ 150 հազար դրամ հաշվարկային աշխատավարձ ստացողներինը՝ 2580 դրամ ավելի առձեռն աշխատավարձ, քան ստանում էին նախորդ տարի: Այսպիսով, ընդհուպ մինչև 279 հազար դրամ հաշվարկային աշխատավարձ ստացող անձինք առավելագույնը մինչև 2580 դրամի չափով կշահեն կամ գոնե չեն տուժի օրենսդրական այս փոփոխությունից: Իսկ արդեն 279 հազար դրամից թեկուզ և մեկ դրամով ավելի հաշվարկային աշխատավարձ ստացող անձինք կսկսեն վճարել 2 լումա ավելի շատ հարկ, ուստի և կստանան 2 լումայով ավելի քիչ առձեռն աշխատավարձ, քան նախկինում, յուրաքանչյուր 1 դրամ հաշվարկային աշխատավարձի համար (նախկինի համեմատ 2 % ավելի):