Դերասանուհի Արփինե Իսրայեյյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է «Դոմինո» սիթքոմում իր աշխատանքը, ինչպես նաև խոսել Ամանորի ու 2018-ից իր ակնկալիքների մասին:
««Դոմինո»-ն ինձ համար շատ հարազատ դարձած նախագիծ էր թե ժանրային, թե անձնակազմի առումներով: Ինչպես ցանկացած աշխատանք, «Դոմինոն» ևս ինձ համար երեխայի նման մի բան էր, որից բաժանվելը բավականին դժվար էր: Այս նախագիծն ինձ դրական էմոցիաներ ու տպավորություններ տվեց»,- խոսելով «Դոմինո»-ի մասին` նշեց Արփինեն և հավելեց, որ առաջիկայում կցանկանա դարձյալ հումորային նախագծում հանդես գալ:
«Դոմինո»-ն առաջին հումորային պրոկետն էր, որ Արփինեն ներկայացավ, իր խոսքով` հանդիսատեսն իրեն այս ժանրում բավականին լավ ընդունեց և առ այսօր միայն դրական խոսքեր է լսում իր խաղի մասին:
Արփինեն այժմ նկարահանվում է նոր` «Կարմիր բլուր» հեռուստասերիալում, սակայն դերասանուհին այստեղ երկար զբաղվածություն չի ունենա.
««Կարմիր բլուր»-ում իմ հերոսուհու գործառույթը բավականին մեծ է և նա դեռ երկար կլինի այս սերիալում, սակայն ես մարմնավորում եմ այդ հերոսուհու երիտասարդ տարիները, ուստի շուտով այլևս ինձ չեն տեսնի այստեղ: Իմ նկարահանումներն ավարտված են, իսկ կերպարային գիծը կշարունակվի հերսուհուս մեծ տարիքում»,- ընդգծեց նա` նշելով, որ թեև կարճ ժամանակով, բայց հաճույքով է աշխատել այս թիմում, քանի որ Ելենա Արշակյանի հետ է սկսել իր գործունեությունը հեռուտատեսության ոլորտում:
Արփինեն նշեց, որ այս պահին նոր առաջարկներ չունի, բայց հույս հայտնեց, որ տարին աշխատանքով առատ կլինի:
Խոսելով ամանորյա օրերի մասին` դերասանուհին պատմեց, որ որդու հետ տոները կրկնակի ուրախ են անցել:
«Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է, և ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի մենք տանը նշեցինք: Տղաս` Դավիթը, ադեն 1.5 տարեկան է, խոսում է, հասկանում, որ տոներ են: Մենք այս տարի տոնածառը միասին ենք զարդարել, նրա ոգևորությունը շատ մեծ էր հատկապես նվերներ ստանալիս»,- ժպիտով պատմեց Արփինեն:
«Ամեն տարի Ամանորին միայն մի երազանք եմ մտապահում, որ ոչ մի փոքրիկ անտուն ու առանց ծնողների չմնա: Ինձ համար միայն փոքրիկների առողջ ու ապահով լինելն է ամենակարևորը: Ուզում եմ, որ տարին խաղաղ անցնի»,- ավարտեց Արփինե Իսրայելյանը: