«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` նախորդ տարում «Ճվճըվ Արոյի» որդիների` երթևեկության կանոնների խախտման պատճառով ավելի քան 15 հազար դոլարի տուգանքը վճարել է նրանց պապը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի «հերոսի»՝ Երևանի ավագանու նախկին անդամ, «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի և նրա եղբոր քաջագործությունների մասին:
Պարզվում՝ նախորդ տարվա ընթացքում Սերժ և Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»:
Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանվել՝ նշելով, որ դրանք անձնական տվյալներ են և հրապարակման ենթակա չեն»: