Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի և Урал մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Փրկարարներն ու ոստիկանները «07»-ից դուրս են բերել մահացածներին և վիրավորին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «07»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային մասով բախվել Урал-ին, իսկ Урал-ն էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որով զինվորներ էին տեղափոխվում։ Բարեբախտաբար, զինվորները չեն տուժել, նրանք մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվում են զորամաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի էին։