Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հանձնարարական տվեց: «Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ։ Նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Ֆինանսների նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության պետական գնումների այլ ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ։
«Այս մոտեցմանը հիմնականում դեմ է Ֆինանսների նախարարությունը՝ ասելով, որ հնարավոր է էժան լուծումները բաց թողնենք: Բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություն չունի: Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք և մյուս կողմից հասկանանք՝ ում հետ ենք գործ բռնում և ինչքանով ենք այդ մարդու աշխատանքներից ակնկալում լուծումներ»,- ասաց վարչապետը: