Apple ամերիկյան կորպորացիան մտադիր է առաջիկա հինգ տարվա ընթացքում ավելի քան 30 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսության մեջ, ինչպես նաև բացել երկրորդ կենտրոնակայանը: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը հրապարակված է նրա կայքում:
«Apple-ը պլանավորում է հաջորդ հինգ տարվա ընթացքում ավելի քան 30 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում և ստեղծել 20 հազարից ավելի նոր աշխատատեղեր»,- նշվում է հայտարարության մեջ: Ներկայում ԱՄՆ-ում Apple-ում աշխատում է շուրջ 84 հազար մարդ:
Ինչպես պատմել է կորպորացիան, նոր կենտրոնակայանը կառուցվելու է ԱՄՆ-ի տարածքում: Դրա շինարարության ստույգ վայրը կհայտարարվի ավելի ուշ: Apple-ի ներկայիս կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Քուփերթինո քաղաքում: Ընկերությունը նաև պլանավորում է ԱՄՆ-ում ստեղծել տյալների մշակման լրացուցիչ կենտրոններ, որոնց կառուցման գործում ներդրվելու է ավելի քան 10 մլրդ դոլար:
Ինչպես նշել են Apple-ում, նոր ներդրումների, ինչպես նաև ներկայիս բոլոր նախագծերի ու ծախսերի հաշվառմամբ, ԱՄՆ-ի տնտեսության մեջ կորպորացիայի անուղղակի ներդրումը առաջիկա հինգ տարվա ընթացքում կկազմի ավելի քան 350 մլրդ դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ուրախ է հարկային բարեփոխման ընդունումից հետո ԱՄՆ-ի տնտեսության մեջ ավելի քան 350 մլրդ դոլար ներդնելու Apple ընկերության որոշման համար:
«Ես խոստացել էի, որ իմ քաղաքականությունը թույլ կտա այնպիսի ընկերությունների, ինչպիսին Apple-ն է, հսկայական գումարներ վերադարձնել Միացյալ Նահանգներ:
Շատ լավ է տեսնել՝ ինչպես է Apple-ը կատարում այդ ծրագիրը հարկերի կրճատման արդյունքում: Դա ամերիկացի աշխատողների և ԱՄՆ-ի հսկայական
հաղթանակն Է»,- գրել է նախագահ Թրամփը Twitter-ում: