ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբորատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները:
Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով՝ սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը:
Անվճար հիմնական բժշկական ծառայությունների թվին են դասվում.
1) վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդությունների բռնկումների (համաճարակ) ժամանակ բժշկական օգնությունն ու սպասարկումը,
2) ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
3) ճառագայթային զանգվածային ախտահարումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
4) արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
5) քիմիական զանգվածային թունավորումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
6) իմունիզացիայի ազգային օրացույցի շրջանակներում իրականացվող իմունային կանխարգելումը
Անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկի սահմանման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել օրենքի 11-րդ և 14-րդ հոդվածները:
Բացի վերը նշվածից, սույն օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատելու Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, ինչպես նաև անվճար հիմնական բժշկական ծառայությունների մատուցման ընթացակարգերը: