«Մոտիդ դանակը տուր՝ վկայի պահանջին ամբաստանյալն արձագանքել է՝ հասարակ խոսակցություն է, հո չեմ խփելու»
Advertisement 1000 x 90

«Մոտիդ դանակը տուր՝ վկայի պահանջին ամբաստանյալն արձագանքել է՝ հասարակ խոսակցություն է, հո չեմ խփելու»

«Դոդիկ» արտահայտության համար ուսանողի սպանության, մեկ այլ ուսանողին միջին ծանրության վնասվածք պատճառելու գործով երեկ շարունակվեց վկաների հարցաքննությունը՝ հարցաքննվեց կոնֆլիկտի հակադիր կողմերը ներկայացնող մեկական վկա:

Մասնավորապես, վկա Է.Գոմցյանն, ով ամբաստանյալ Կարեն Չատիկյանի համակուրսեցին է ու նրա հետ եղել է ընկերական հարաբերությունների մեջ, հայտնեց, որ Կարենը ուզում էր տղաների հետ գնալ պարզաբանման, որի անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ «գիրք են ցանկացել վաճառել, իր ընկերոջն առաջարկել են, որ նա գնի և վատ արտահայտություն են արել՝ դոդիկ»:

Պարզաբանման գնացել են Կարեն Չատիկյանն ու իր երկու ընկերները, իսկ մյուս երկուսը՝ ներառյալ վկան, չեն գնացել հանդիպմանը՝ Կարենն ասել է լուրջ թեմա չէ, «պետք չէ շատով գնալ, ոնց որ չվախեցնելու նպատակով»: Քիչ անց վկան տեսել է, թե ինչպես են նրանք վազելով գալիս, իմացել է, որ Կարենը դանակով հարվածել է ինչ-որ տղայի, դանակ ձեռքներին չի տեսել:

Դատաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների պատճառով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում մասնավորապես, վկան նշել էր՝ Գ.Տերտերյանը Կարենին ասաց մոտիդ դանակը տուր, իսկ վերջինս էլ արձագանքել է՝ հասարակ խոսակցություն է, հո չեմ խփելու:

Իսկ դեպքից հետո երբ Կարենն ընկերոջ հետ, իրենք էլ երեքով տաքսիով հեռանում էին, հեռախոսազրույցում Կարենն ասել է՝ կարո՞ղ ես ինչ-որ կերպ պարզել ինչ է եղել, իմանալ հարվածներ ստացած տղաների առողջական վիճակի մասին: Վկան դատարանում հայտարարեց, որ քննիչն է գրել տղաներ, ինքը հոգնակի թվով չի ասել:

Վկա Ս.Գրիգորյանը, ով տուժողների ընկերն է, և մասնակցել է պարզաբանմանը, հայտնեց, որ տաղավարում, որտեղ տեղի էր ունենում խոսակցությունը, Կարենը սկսեց բարձր խոսել, իրենց կողմից Անրին ասաց՝ տոնդ իջեցրու, սկսեց ավելի բարձր խոսել, փորձեց խփել Անրիին, նա խույս տվեց: Ապա վկան տեսել է, իրար կպած Կարենին ու տուժող Վահեին, ապա Կարենն ասել է՝ փախանք: Միայն երբ Վահեն արձակել է կուրտկան, տեսել է Վահեի վնասվածքը՝ կրծքավանդակի հատվածում, Ռաֆֆին ոտքի վնասվածք է ստացել: Ի պատասխան հարցերի՝ վկան հայտնեց, որ ինքը հարվածների պահը չի տեսել, սակայն միայն Կարենն է մոտեցել Վահեին:

Դատաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների պատճառով հրապարակվեց նաև երկրորդ վկայի նախաքննական ցուցմունքը, որում նա մասնավորապես, հայտնել էր, որ «բոլորով ոտքի կանգնեցին և սկսեցին իրար ծեծի ենթարկել»:

Հաջորդ դատական նիստին կապահովվի վերջին վկայի՝ Գ.Տերտերյանի, ներկայությունը, նա ներկայումս ծառայում է բանակում, ապա կսկսվի գործի գրավոր ապացույցների հետազոտման փուլը:

Ի դեպ, դատարանը կողմերին տեղեկացրեց, որ դատարանի գրասենյակ է ստացվել տուժող Վ.Մուրադյանի իրավահաջորդի հայցադիմումը ամբաստանյալից 4 մլն. դրամի պահանջի մասին՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի՝ ներառյալ հուղարկավորության ծախսերը, փոխհատուցում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Կարեն Չատիկյանը 2017թ, հունվարի 11-ին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով Ռ. Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վ. Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:

Փաստինֆո