Ինչ իրավասաություններ ու գործառույթներ կունենա ՀՀ նոր նախագահը
Advertisement 1000 x 90

Ինչ իրավասաություններ ու գործառույթներ կունենա ՀՀ նոր նախագահը

Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության՝ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման, ինչը ենթադրում է, որ հանրապետության նախագահը հանդիսանում է պետության առաջնորդը, հետևում է Սահմանադրության կյանքի կոչմանը, անկողմնակալ է իր իրավասությունների կատարման ընթացքում և առաջնորդվում է բացառապես՝ ելնելով երկրի և ժողովրդի շահերից:

Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրաններկայացվող պահանջները՝

1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:

2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

3. Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

5. Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հանրապետության նախագահի ընտրության կարգը

1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:

2. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

3. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

4. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:

Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

5. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

6. Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով: Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը

1. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

2. Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:

3. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Հանրապետության նախագահի ուղերձը Հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին:

Օրենքի ստորագրումը և հրապարակումը

1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Կառավարության հրաժարականի ընդունումը Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը: Փոփոխություններ Կառավարության կազմում Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:

Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում 1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.

2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.

3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:

2. Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ: Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ: Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները

1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը

1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը

1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Հանրապետության նախագահի հրաժարականը Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով:

Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Հանրապետության նախագահի գործունեության ապահովումը

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ձևավորման կարգը սահմանվում է օրենքով: Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոններում:

2. Հանրապետության նախագահի վարձատրության չափը, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում են օրենքով:



Նման նյութեր