Այս տարվա հունվարի 1-ից բենզինը թանկացավ 20 դրամով, մեքենաների լիցքավորման գազը 25 դրամով, դիզելային վառելիքը` 60 դրամով: Այս թանկացման պատճառը նոր հարկային օրենսգիրքն էր, որտեղ այս ապրանքատեսակների վրա կիրառվում է ակցիզային հարկ:
Ինչո՞վ է կառավարությունը հիմնավորվում այս ապրանքատեսակների վրա ակցիզային հարկի կիրառումը: Բանն այն է, որ Հայաստանի այս տարվա պետական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է 140 մլն դրամ: Այս գումարը կազմում է Հայաստանի բյուջեի 10%-ը: Մյուս հիմնավորումն այն է, որ ակցիզային հարկերից գոյացած գումարով հնարավոր կլինի զարգացնել երկրի տնտեսությունը:
Այս թանկացումը սարսափելի է, որովհետև թանկացումը ազդելու է առաջին սպառման ապրանքների վրա: Վառելիքն ուղիղ կապ ունի կոմունիկացիայի հետ: Եթե թանկանում է վառելիքը, ապա դժվարանում է կոմունիկացիան, բեռնափոխադրումը: Հետևաբար` վառելիքի թանկացումը հանգեցնելու է համընդհանուր գնաճի: Բացի այդ` դիզվառելիքի թանկացումը կաթվածահար կանի գյուղատնտեսությունը:
Գնաճը սարսափելի է, որովհետև կթանկանա հանրային տրանսպորտը: Արդեն հատուկենտ, տարբեր դրվագներով եղան տրանսպորտի թանկացման փորձեր: Հրազդանի երթուղու ուղեվարձը հունվարի սկզբին թանկացավ 100 դրամով` 400-ից դառնալով 500 դրամ, սակայն մի քանի օր անց վերադարձավ հին գնին: Գազի նոր գինը զայրացրել է բոլոր երթուղիների վարորդներին, սակայն դեռ գործնական քայլեր չեն արել: Բայց դեռևս: Ո՜վ գիտի` որքան կտևի այս զսպումը:
Հիմա` գնաճը սարսափելի՞ է: Իրականում` ոչ
Գնաճը սարսափելի չէ, որովհետև վերլուծությունը ցույց է տվել, որ գնաճը Հայաստանում կազմում է ընդամենը 2.6 տոկոս: Սա մեծ թիվ չէ` հաշվի առնելով այն, որ Վրաստանում գնաճը կազմել է 6.7 տոկոս, Ադրբեջանում 7.9 տոկոս:
Գնաճը սարսափելի չէ, որովհետև բենզինն ունի այլընտրանք: Առանց այդ էլ Հայաստանում վաղուց մոռացել են բենզինով մեքենա վարել և բենզինի գնի բարձրացումը աղքատ վարորդների գրպանին չի դիպչում: Մեքենաները Հայաստանում համատարած գազով են և ում համար բենզինը թանկ է, կարող է անցնել գազի: Հետևաբար բենզինի թանկացումը ամենևին էլ սարսափելի չէ: Գնաճը սարսափելի չէ, որովհետեւ գազի գնի այս պայմաններում 2015 թվականին արդեն աշխատել են երթուղայինները: Այն ժամանակ տրանսպորտը չթանկացավ, հետևաբար հիմա էլ չի թանկանա: