Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքի արդյունքում անհրաժեշտ գումարը՝ 49 հազար 50 դոլարը հավաքվել է: Այդ մասին տվյալները ներկայացվել են gofundme.com թվային հարթակում, որի միջոցով էլ հանգանակվել է անհրաժեշտ գումարը:
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միացել էր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին` բոլորին կոչ անելով հնարավորության դեպքում միանալ: Վիգեն Սարգսյանն ընդգծել էր, որ Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել Ալբերտ Դալլաքյանի և բոլոր մյուս հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին:
«Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի (45.000 եվրո) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանալ այս դրամահավաքին և օր առաջ օգնել Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- ֆեյբուքյան իր էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարը: