Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի թեկնածուին՝ դիվանագետ Արմեն Սարգսյանին: Հաշվի առնելով, որ նոր օրենքների համաձայն՝ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի բնակչությունը, այլ խորհրդարանը, պարտվելու հնարավորություն Արմեն Սարգսյանը գրեթե չունի:  Այդ մասին գրել է kommersant.ru-ն՝ նշելով, որ նա ունի արտերկրում լայն կապեր ունեցող արևմտամետ քաղաքական գործչի իմիջ:

«Արմեն Սարգսյանը Հայաստանում բավականին բարձր մակարդակի քաղաքական գործիչ է: Նա դիտարկվում էր որպես բարձր պաշտոնների համար ՀՀԿ-ի կադրային ռեզերվ դեռ շատ վաղուց: Նրա անունը նաև շրջանառվել է 2016 թվականին ապագա վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ՝ Կարեն Կարապետյանի անվան կողքին»,- թերթի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ ավելացնելով, որ խորհրդարանական հանրապետության պայմաններում նախագահի խնդիրը, նախևառաջ դիվանագիտական հարցերով զբաղվելն է:

«Հնարավոր է՝ ներկայիս նախագահը, կայացնելով այդ կադրային որոշումը, հաշվի է առել, որ Արմեն Սարգսյանը դա լավ կանի, որ նա բավականին հուսալի է իշխանության համար: Նա լավ կապեր ունի Մեծ Բրիտանիայում, և հնարավոր է՝ Հայաստանի ղեկավարության կողմից դա դիտարկվում է որպես առավելություն այն պայմաններում, երբ վարչապետը կապված է Ռուսաստանի հետ»,- հավելել է Հրանտ Միքայելյանը:

«Կպահպանի արդյոք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնը նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո՝ հայտնի չէ, բայց փորձագետներն այդ սցենարը շատ հավանական են համարում»,- գրել է թերթը:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը kommersant.ru-ի հետ զրույցում նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթներից բացի, որոնք հիմնականում արարողակարգային են, ապագա նախագահը պետք է օգնի արտաքին տնտեսական և քաղաքական հարցերում, մասնավորապես՝ Հայաստան իր անձնական կապերով ներդրումներ գրավելու հարցում:

«Արմեն Սարգսյանի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա այն ոչ շատ հայ գործիչներից է, ով հնարավորություններ ունի ազդելու արտասահմանում այս կամ այն որոշումների վրա՝ հաշվի առնելով նրա կապերը, ներկայությունը ֆորմալ և ոչ ֆորմալ միջազգային կառույցներում»,- ասել է նա:

Փորձագետն Արմեն Սարգսյանին անվանել է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն նշել է, որ նա Ռուսաստանի հետ նույնպես կապեր ունի, հատկապես՝ բիզնեսի շնորհիվ: Բացի այդ, քաղաքագետը հիշեցրել է, որ հայկական ԶԼՄ-ները բազմիցս գրել են Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հետ Արմեն Սարգսյանի ընկերական հարաբերությունների մասին:

1in.am

 



Նման նյութեր