Հայաստանի մարզերի ամենաբարձր գագաթները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի մարզերի ամենաբարձր գագաթները

Հայաստանի մարզերի ամենաբարձր գագաթները երբեմն դժվար է առանձնացնել, քանի որ մարզերի սահմանագիծը անցնում է լեռնագագաթներով և կան մարզեր, որոնց բարձր գագաթները համընկնում են:

Այսպիսով Հայաստանի մարզերի ամենաբարձր կետերն են՝

Շիրակ – Աչքասար 3196 մ

Աչքասար լեռը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագլխին: Ջավախքի լեռների ամենաբարձր կետն է:

Աչքասարը լավային կոն է՝ կազմված անդեզիտացիտներից, լանջերը զառիթափ են ու ծածկված մերձալպյան բուսականությամբ, իսկ բարձրադիր մասերը՝ քարակառկառներով և ալպյան գորգերով:

Լոռի – Աչքասար / 3196 մ

Աչքասարը գտնվում է Լոռու և Շիրակի սահմանագլխին և համարվում է 2 մարզերի բարձր կետը:

Տավուշ – Միափոր / 2993 մ

Տավուշի մարզի ամենաբարձր կետը Միափոր լեռն է: Այն գտմվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին:

Միափորի լեռնաշղթան ձգվում է Աղստևի հովտից արևելք՝ մինչև Քաշաթաղ լեռ: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Հյուսիսային և արևելյան լանջերից ճյուղավորվում են Պայտասարի, Հախումի, Տավուշի, Կենաց և Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ առնում Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը: Հյուսիսային լանջերը՝ անտառապատ են: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավ-արևմտյան լանջերը ներառված են Դիլիջան ազգային պարկի տարածքի մեջ:

Արագածոտն – Արագած / 4090 մ

Արագածոտինի մարզի ամենաբարձր կետը Արագած լեռն է:

Արագածն իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Արագածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ և Հարավայինը` 3887,8 մ:

Կոտայք – Աժդահակ / 3597 մ

Կոտայքի մարզի ամենաբարձր լեռը Աժդահակն է:

Աժդահակը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:

Բացարձակ բարձրությունը 3597 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Գեղարքունիք – Աժդահակ 3597 մ

Աժդահակ լեռը լինելով սահմանամերձ հանդիսանում է Գեղարքունիքի և Կոտայքի ամենաբարձր կետը:

Արարատ – Սպիտակասար / 3555 մ

Արարատի մարզի ամենաբարձր կետը հյուսիս արևելքում գտնվող Սպիտակասար լեռն է: Սպիտակասարը հրաբխային լեռնազանգված է: Բարձրությամբ Գեղամա լեռների երկրորդ գագաթն է, Աժդահակից (3597 մ) հետո: Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից:

Արմավիր — Կարմրաթառ / 1286 մ

Կարմրաթառ լեռը գտնվում է Արմավիրի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին:

Վայոց ձոր – Վարդենիս լեռ / 3522 մ

Վարդենիս լեռը գտնվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին: Վարդենիսի լեռների ամենաբարձր կետն է: Վարդենիս լեռան լանջերը քարքարոտ են, ծածկված ալպյան մարգագետիններով, լեռան բարձրադիր մասերում տարածված են քարակարկառներ և ժայռային բույսեր, արլ. լանջը հարուստ է սառնորակ աղբյուրներով:

Սյունիք – Կապուտջուղ / 3904 մ

Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3904 մ)՝ ՀՀ Սյունիքի մարզում:  Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիտներից: Լանջերը զառիթափ ու քարափային են՝ կտրտված Ողջի ու Գիլյան գետերի հովտաձորակային ցանցով: Բնորոշ են սառնամանիքային հողմահարումը, ծանրահակ շարժընթացներն ու անթրոպոգենի սառցապատման հետքերը (կառեր, տաշտակաձև հովիտներ, մորեններ): Կան ֆիռնային դաշտեր ու ձնաբծեր, սառցադաշտային լճակներ:   Կլիման լեռնատունդրային է, դաժան, տարեկան տեղումները՝ 800-850 մմ (հիմնականում՝ ձյան տեսքով), ձնածածակույթի տևողությունը՝ 9-10  ամիս: Գագաթը լերկ է: Գագաթնամերձ մասում  ձնամերձ գոտու աղքատիկ բուսածածակույթ է:

Արցախ – Արիության լեռ (Գոմշասար) / 3724 մ

Արիության լեռը Մռավի լեռների ամենաբարձր գագաթն է: Կազմված  է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի:

Լեռնագագաթին կան հնագույն սառցապատման հետքերը, նախկին սառցադաշտային կրկեսում այժմ էլ պահպանվում են ձյան բծեր:

armgeo.am



Նման նյութեր