Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 23-ին Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հորդորել է հնարավորություններ որոնել ավելի արդարացի և համերաշխ հասարակական համակարգերի ստեղծման համար՝ «ունակ վերադարձնելու այն մարդկանց արժանապատվությունը, որոնք այսօր ապրում են վիթխարի անորոշության մեջ և նույնիսկ չեն կարողանում երազել ավելի լավ աշխարհի մասին»:
«Մշտական ֆինանսական անկայունությունը հարուցել է նոր խնդիրներ և լուրջ մարտահրավերներ, որոնց հետ ստիպված են գործ ունենալ կառավարությունները, ինչպիսիք են գործազրկության աճը, աղքատության զանազան ձևերի ավելացումը, սոցիալ-տնտեսական խզվածության ընդլայնումը և ստրկության նոր ձևերը»,-
ասված է համաժողովի մասնակիցներին Ֆրանցիսկոս պապի հղած ուղերձում:
Քահանայապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ արդի գլոբալացված աշխարհում, որն առաջ է շարժվում ամեն գնով շահույթ ստանալու ձգտմամբ, տեխնոլոգիայի նույնիսկ ամենավերջին նվաճումները հաճախ նպաստում են հասարակության հետագա մասնատմանն ու անհատապաշտությանը: