«Կայարան» սերիալում վերջերս նոր կերպար ավելացավ` ի դեմս Անիի, ում մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանը: Նա աչքի ընկավ ոչ միայն իր հետաքրքիր ու վառ արտաքինով, այլև դերասանական խաղով: Թեև Ցողիկն ի սկզբանե բացասական կերպար էր մարմնավորում, դա չխանգարեց նրան սիրվել հեռուստադիտողի կողմից և դառնալ սերիալի հիմնական դերակատարներից մեկը: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր կերպարի առանձնահատկությունների, հեռուստադիտողի արձագանքի և առաջիկա ծրագրերի մասին:
Ցողիկը խոստովանում է` իր համար բարդ էր բացասական կերպարով ներկայանալը, քանի որ դրա համար լուրջ փորձ է անհրաժեշտ, որը չուներ. «Կայարանն» առաջին սերիալն է, որում սկսեց հանդես գալ.«Ճիշտ է, սկզբում քննադատություններ շատ էին լինում` կապված կերպարիս հետ. փողոցում տեսնում էին, ինչ ասես՝ ասում էին, բայց ես բացատրում էի, որ իրականում այդպիսին չեմ, ես փող չեմ գողանում (ժպտում է,- հեղ.): Հիմա որ տեսնում են, ասում են՝ վայ, ինչ լավ է, որ բարիացել եմ: Դե, ինչպես գիտեք, Անին հիմա փոխվել է, զղջացել իր արարքների համար, սիրահարվել է: Սերն ամեն մարդու փոխում է, ու իմ կերպարին էլ փոխեց»:
Նա այժմ սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում: Այս տարի պատրաստվում է ավարտական քննություններին, միաժամանակ նկարահանվում է սերիալում և հանդես գալիս ներկայացումներում: Ասում է՝ փորձում է ամեն ինչ հասցնել, դասերից էլ չբացակայել, հատկապես որ անվճար է սովորում.«Ես գնահատում եմ ինստիտուտում անցկացրած յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դաս: Անկեղծ եմ ասում՝ մեկ օր բացակայելով՝ այնքա՜ն բան եմ կորցնում: Այնտեղ, կարելի է ասել, իմ ապագան է կերտվել, և ամենաշատ գիտելիքները հենց այնտեղից եմ ստացել: Աշխատում եմ լավ պատրաստվել դասերին, քննություններին էլ ներկա լինել անպայման»:
Ցողիկի խոսքով՝ իր համար այնքան էլ բարդ չէր ներգրավվել սերիալային աշխատանքում, քանի որ նախկինում նկարահանվել էր տեսահոլովակներում ու գովազդային հոլովակներում, բացի այդ էլ՝ «Կայարան»-ում հանդես են գալիս իր համակուրսեցիները, ովքեր ներկայանում են հիմնական կերպարներով.«Ճիշտ է, թատրոնում տարբեր ներկայացումներ ենք խաղացել միասին, բայց սերիալում նկարահանվելը լրիվ այլ է: Պիտի խոստովանեմ, որ ինձ հետաքրքիր է ու դուր է գալիս. նոր շրջապատ, նոր կազմ, նոր անդամներ… Իհարկե, ամեն ինչի հիմքը, ինձ թվում է, թատրոնն է, և իրականում այն ինձ ավելի շատ է հետաքրքրում: Սկզբում խաղացել եմ մանկական ներկայացումներում, Համազգային թատրոնում Կարմիր գլխարկի կերպարով եմ հանդես եկել ու սկսել իմ ուղին: Բայց երբ մտա կինո, հասկացա, որ դա էլ մեկ ուրիշ ճյուղ է, շատ տարբեր»,- ասում է նա:
Դերասանուհին ընդգծում է՝ սերիալներում հանդես գալով, իրենք ավելի շատ փորձ են ձեռք բերում ու հնարավորություն են ստանում գործունեությունն ընդլայնել. «Գիտեք, ինստիտուտում մենք շատ քիչ բան ենք սովորում կինոյին վերաբերող: Ճիշտ է, հիմա նոր առարկա է ներմուծվել՝ «Տեսախցիկի հետ աշխատանք», ու ես սկսում եմ ամեն ինչ ավելի լավ հասկանալ, բայց այդ ամենը շատ քիչ տևեց. առարկան նոր է, իսկ ես արդեն ավարտում եմ: Բայց հաճելի է, որ այսուհետ ուսանողներն ավելի լավ կպատկերացնեն կինոյի հետ կապված որոշ գաղտնիքներ»:
Ցողիկն ասաց, որ առաջիկայում՝ հունվարի 25-ին, նոր ներկայացմամբ են հանդես գալու Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Դիպլոմային աշխատանք է, որը բեմադրել են Թրումեն Քեփոթի պատմվածքների հիման վրա: Ռեժիսորի հետ փոխել են պատմվածքն ու այն դարձրել պիես, փոխված է նաև ստեղծագործության վերնագիրը: Դերասանուհին գլխավոր կերպարում է և հույս ունի, որ ամեն ինչ կընթանա նախատեսվածի պես: Չէ՞ որ փորձերը հաջող են ընթանում, իրենք էլ սպասում են հետաքրքիր զարգացումների: