Մխիթարյանի նոր ռեկորդն ու շրջադարձային հանգրվանը…
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի նոր ռեկորդն ու շրջադարձային հանգրվանը…

Բրիտանական լրատվամիջոցների վերջին տեղեկությունների համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը դառնում է «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ, ինչը եվրոպական ֆուտբոլի մասշտաբով բավական բարձր աշխատավարձ է: Նույնքան գումար էր ստանում նաև չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Փաստորեն, տևական բանակցությունների արդյունքում Մխիթարյանն ու նրա իտալացի գործակալ Մինո Ռայոլան հասան իրենց նպատակին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռայոլան հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստը «Արսենալում» չպետք է Սանչեսից ավելի քիչ վաստակի: Հունվարի 18-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի տրանսֆերային նորությունների թվիթերյան էջը տեղեկություն էր տարածել, որ «Արսենալը» համաձայնել է Մխիթարյանին վճարել շաբաթական 130 հազար ֆունտ, և գործարքը կարելի է կայացած համարել։ Նշվում էր, որ Մխիթարյանը, բացի աշխատավարձից, կստանա նաև բոնուսներ և կդառնա լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այս տեղեկությունը ոչ միանշանակ արձագանք էր ստացել, քանզի շաբաթական 130 հազար ֆունտ աշխատավարձն ամենևին էլ ամենաբարձրը չէ «Արսենալում»:

Արդեն հունվարի 19-ին Մխիթարյանի տեղափոխության մասին խոսեց նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Այո, Մխիթարյանը գալիս է «Արսենալ», դա իմ որոշումն է: Մխիթարյանին շատ եմ հավանում, ես հետևել եմ նրան դեռևս այն ժամանակ, երբ խաղում էր «Բորուսիայում»: Նա հիանալի խաղացող է և համապատասխանում է մեր թիմի խաղաոճին: Աշխատավարձը խնդիր չէ»,- նշել էր Վենգերը:

Հանրահայտ մարզչի նման հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ բանակցությունների սկզբնական փուլում կողմերը չէին հստակեցրել պայմանագրի ֆինանսական կետերը: Բայց այն, որ «Արսենալը» պատրաստ էր բավարարելու Մխիթարյանի պահանջը, կարծում ենք՝ ակնհայտ էր: Շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձն իրական ռեկորդ է հայկական ֆուտբոլում: Ավելի ստույգ՝ Մխիթարյանը գերազանցում է իր իսկ ռեկորդը: Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը համաշխարհային ֆուտբոլում ստանում է բարձր աշխատավարձ:

Շատ փորձագետներ այն կարծիքին են, Մխիթարյանի և Սանչեսի համար սա վերջին գործարքն է նման հարթության մեջ: Սանչեսի տրանսֆերին այսօր անդրադարձել է նաև Արսեն Վենգերը: «Պարզապես չեմ հասկանում այն խաղացողներին, որոնք հեռանում են «Արսենալից»: Ամեն ինչի պատասխանը տալիս է ժամանակը: 30 տարվա տրանսֆերային քաղաքականությունը շատ բան է ապացուցել: Ուստի կարծում եմ, որ սա Սանչեսի վերջին պայմանագիրն է նման բարձր մակարդակում: Սանչեսը 29 տարեկան է, և նրա կարիերայի ծաղկուն շրջանը ետևում է: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի պահենք նրան: Նա ուղղակի ուզում էր լքել «Արսենալը» և շահավետ պայմաններով հայտնվել «Յունայթեդում»: Նույնիսկ «Մանչեսթեր Սիթին» դադարեց պայքարել նրա տեղափոխության համար: Դա ապացույցն է նրա, որ մենք շանս չունեինք: Ֆուտբոլիստի կարիերայում գալիս է մի պահ, երբ թվում է, թե ինքը ֆինանսական տեսանկյունից արժանի գնահատականի չի արժանացել: Երբ այդ պահին ֆուտբոլիստը ստանում է գայթակղիչ առաջարկներ՝ կորցնում է գլուխը: Այդ պահին անհնար է կանգնեցնել ֆուտբոլիստին: Երբ Սանչեսը «Արսենալից» հեռանալու մտադրությունների մասին հայտնեց ինձ, առանց երկմտելու բարի ապագա ցանկացա նրան: Իրականում, թե ում որոշումն էր ավելի ճիշտ՝ ցույց կտա ժամանակը: Ես Սանչեսին ի սրտե հաջողություն եմ ցանկանում իր նոր ակումբում»,- նշել է Վենգերը:

Երեկ 29 տարեկան դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը: Շատերը վստահ են, որ «Արսենալը», այսպես ասած, Մխիթարյանի թիմն է, և մեր ֆուտբոլիստի լավագույն տարիները դեռ առջևում են: «Արսենալ» տեղափոխությունը Մխիթարյանի համար շրջադարձային հանգրվան պետք է որակել: Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անցկացրած մի քանի անհաջող ամիսներից հետո սա շրջադարձային փոփոխություն էր Հայաստանի հավաքականի ավագի կարիերայում: Եթե հավատանք բրիտանական լրատվամիջոցներին, ապա այս գործարքը ֆինանսական տեսանկյունից լավագույնն է թե՛ Մխիթարյանի և թե՛ Սանչեսի համար: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանալու է շաբաթական 400-450 հազար ֆունտ:

Այսօր խոսվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պահանջել է, որ իր աշխատավարձը կրկնապատկվի: Այս պահին Պոգբան ստանում է շաբաթական 290 հազար ֆունտ՝ հանդիսանալով Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

armnews.online