Չնայած «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չէր բացառել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Չելսիի» հետ հանդիպմանը, անուամենայնիվ ավելի ուշ պարզ դարձավ, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի լոնդոնյան դերբին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն այլևս չի կարող ելույթ ունենալ Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությունում, քանի որ այդ մրցաշարին մասնակցել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Իր նորամուտը «Արսենալում» Մխիթարյանը ամենայն հավանականությամբ կնշի հունվարի 30-ին: Այդ օրը Արսեն Վենգերի գլխավորած թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Սուոնսիին»:
Լրագրողների հետ հանդիպմանը Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Մխիթարյանը, ինչպես նաև «Արսենալի» կիսապաշտպանության գծի առաջատար Մեսութ Օզիլը կարող են միաժամանակ լինել մեկնարկային կազմում: Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ Մխիթարյանն ու Օզիլը կիսապաշտպանական օղակում մրցակիցներ են, և հայ ֆուտբոլիստը պետք է պայքարի հիմնական կազմում տեղ ունենալու համար: Վենգերի երեկվա հայտարարությունը փաստորեն ապացույցն է նրա, որ ֆրանսիացի մասնագետը մտադիր է ձևավորել Օզիլ-Մխիթարյան խաղային դուետ:
Դեռևս անցյալ տարվա մարտին բրիտանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայքար կմղի Օզիլի տրանսֆերի համար: Խոսվում էր, որ Մոուրինյոն «Յունայթեդի» կիսապաշտպանությունում նախապատրաստում է հայ-քրդական զենք՝ ի դեմս Մխիթարյանի և Օզիլի: Մոուրինյոն գիտակցում էր, որ խաղային այս դուետը կարող է էապես փոխել թիմի խաղը և եղանակ ստեղծել Պրեմիեր լիգայում: Ամռանը Օզիլի տեղափոխությունը չկայացավ: Ավելին, ձմեռային պատուհանի ընթացքում, երբ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը տեղափոխվելու է «Արսենալ», Վենգերը հայտարարեց, որ Օզիլը չի հեռանա: Նշանակում է, որ Վենգերը Մոուրինյոյի նախապատրաստած հայ-քրդական զենքը նրա իսկ դեմ է օգտագործելու:
Ավելին, Մխիթարյան-Օզիլ դուետին, ըստ ամենայնի, կմիանա «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգը, որը պատրաստվում է պայմանագիր կնքել «Արսենալի» հետ: Մխիթարյան-Օբամեյանգ խաղային դուետը ժամանակին ուժեղագույններից էր Բունդեսլիգայում: Արսեն Վենգերը, հաշվի առնելով Օբամեյանգ-Մխիթարյան դուետի ներուժը, ավելացնում է նաև Օզիլին՝ առջևի գծում ստեղծելով հզոր մի եռանկյուն, որը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ «Արսենալի» համար:
Կարելի է ենթադրել, որ Վենգերը վաղուց էր ծրագրել ստեղծելու խաղային այս զենքը, որը Պրեմիեր լիգայում կարող է պայթյունի էֆեկտ ունենալ: Օզիլի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը: Շատ էր խոսվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն այլ թիմ կտեղափոխվի: Օզիլի համար շարունակում էր պայքարել «Մանչեսթեր Յունայթեդը» և, մասնավորապես, Ժոզե Մոուրինյոն: «Օզիլը աշխարհի լավագույն 10 համարն է: Նա հեշտությամբ է լուծում բոլոր խնդիրները: Այս ֆուտբոլիստի մեջ տեսնում եմ մի փոքր Ֆիգու և մի փոքր Զիդան»,- ասել էր Մոուրինյոն:
Այս հայտարարությունը վկայում է, որ Օզիլը Մոուրինյոյի համար հատուկ նշանակության ֆուտբոլիստ է, սակայն կան հանգամանքներ, որոնք թույլ չտվեցին, որ այս կիսապաշտպանը պայմանագիր կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 2017 թվականի վերջին խոսվում էր, որ Օզիլի տրանսֆերի համար պայքարելու է նաև «Բարսելոնան»: Այնուհետև եղավ հրապարակում, որի համաձայն՝ «Արսենալի» կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշում է կայացրել և դադարեցրել է բանակցությունները «Բարսելոնայի» հետ:
Օզիլի՝ «Արսենալում» մնալը խոսում է լուրջ ծրագրերի և նպատակների մասին: Նշենք, որ լոնդոնյան թիմում Օզիլը ստանում է շաբաթական ընդամենը 140 հազար ֆունտ: Կարելի է ենթադրել, որ այլ թիմ չտեղափոխվելու համար «Արսենալը» կբարձրացնի նրա աշխատավարձը: Եթե Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածում Օզիլ-Մխիթարյան-Օբամեյանգ եռյակը իսկապես պայթյուն առաջացնի, չի բացառվում, որ ամռանը «Արսենալը» անհամեմատ ավելի շահավետ պայմանագիր առաջարկի Օզիլին և ամեն ինչ անի, որ այս ֆուտբոլիստն այլ թիմ չտեղափոխվի:
24-րդ տուրից հետո «Արսենալը» 42 միավորով 6-րդ հորիզոնականում է գտնվում: Լոնդոնյան թիմը 2 միավորով զիջում է 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին» և 5 միավորով՝ 4-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»: Արսեն Վենգերի նպատակն է տեղ զբաղեցնել լավագույն քառյակում, որը հնարավորություն կտա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: